Թուրքիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժության մասին մանրամասներ

Թուրքիայում ընթացող ամենամյա «Անատոլիայի արծիվ-2015/1» (Anadolu Kartalı-2015/1) ՌՕՈւ միջազգային զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների և Պակիստանի ռազմաօդային ուժերը։ Հունիսի 9-ին  Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության կայքը հրապարակել է մասնակցող երկրների ստորաբաժանումների ռազմական տեխնիկայի տեսակներն ու քանակը։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի  Քոնիա քաղաքում տեղակայված  ԶՈւ ռազմաօդային ուժերի 3-րդ ավիաբազայում հունիսի 8-ին մեկնարկած և մինչև հունիսի 19-ը շարունակվող ՌՕՈւ միջազգային խոշոր զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Պակիստանի ռազմաօդային ուժերի, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային և ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։

Երկիրը Ինքնաթիռներ Քանակը
ԱՄՆ F-15C կործանիչ 12 միավոր
Մեծ Բրիտանիա EF-2000 բազմանպատակային կործանիչ 6 միավոր
Իսպանիա F-18 կործանիչ-ռմբակոծիչ 6 միավոր
Գերմանիա A-310 լիցքավորող ինքնաթիռ 1 միավոր
Պակիստան F-16 կործանիչ 6 միավոր
ՆԱՏՕ E-3A ռադիոտեղորոշման հայտնաբերման ինքնաթիռ 1 միավոր

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման կազմում ներգրավված են 12 միավոր F-4E 2020 կործանիչ, 42 միավոր F-16 կործանիչ, բեռնատար լիցքավորող KC 135 ինքնաթիռ, 2 միավոր CN-235 բեռնատար ինքնաթիռ, AS-532 բազմանպատակային ուղղաթիռ, մեկ միավոր E-7T հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռ։

Ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանման կազմում ներգրավված է 2 միավոր Т-129 АТАК թուրք-իտալական համատեղ արտադրության հարվածային-հետախուզական ինքնաթիռ, 2 միավոր բազմանպատակային Sikorsky S-70 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի ստորաբաժանման կազմում՝ 2 միավոր հրթիռային կատեր և մեկ միավոր ֆրեգատ, որոնց մասին հավելյալ տեղեկություն չի տրամադրվում։

Զորավարժության նպատակը ինքնաթիռներով և ուղղաթիռներով ռազմական գործողության իրականացման հմտությունների զարգացումը և վարժանքներին մասնակցող տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խորացումն է, ինչպես նաև ստորաբաժանումների՝ օդային պաշտպանության և որոնողափրկարարական ունակությունների բարձրացումը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կոորդինացմամբ երկրի Քոնիա քաղաքում տեղակայված 3-րդ ավիաբազայում ՆԱՏՕ-ի մի շարք երկրների և Պակիստանի հետ անցկացվող զորավարժության մասին, սակայն չէր նշել ներգրավված տեխնիկայի մասին տեղեկություններ։

Հավելենք նաև, որ զորավարժությանն իբրև դիտորդ մասնակցում են Բրազիլիան, Ալժիրը, Դանիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Մարոկկոն, Ճապոնիան, Քաթարը, Հարավային Կորեան, Կոսովոն, Լիբանանը, Մալայզիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռումինիա, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Չիլին, Տաջիկստանը, Թունիսը և Օմանը։

Ավելացնենք նաև, որ «Անատոլիայի արծիվ» անունը կրող զորավարժությունն անցկացվում է 2001-ից՝ տարեկան երկուսից չորս անգամ։ 2014-ի ապրիլին անցկացված վարժանքներին մասնակցել են միայն Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները, մասնավորապես՝ ՌՕՈւ, ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։

One response to “Թուրքիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժության մասին մանրամասներ

  1. Pingback: Պակիստանն ու Թուրքիան ստորագրել են ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման համաձայնագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *