Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2-րդ ավիաբազայում (Իզմիր) տեղակայված «ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման միջազգային կենտրոնում» (MMFCT-С) արդեն վերապատրաստվում են Պակիստանի և Հվ. Կորեայի ռազմական օդաչուները, մոտ ապագայում կենտրոնը կընդունի նաև Թուրքիայի գործընկեր այլ պետությունների օդաչուներին: Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ռազմական օդաչուների վերապատրաստման կենտրոնը բացվել է 2015-ի հունիսի 16-ին: Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովը, ինչպես նաև Պակիստանի, Սուդանի և Մակեդոնիայի ՌՕՈւ հրամանատարները:
Բացման արարողության ժամանակ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ 2-րդ ավիաբազայի հրամանատարը հայտնել էր, որ ավիաբազայի շուրջ 3000 զինծառայողները 141 մասնագետների ղեկավարությամբ 174 ուսումնական ինքնաթիռներով տարեկան 30 հազար ուսումնական թռիչք են կատարում: Նա ավելացրել էր, որ ուսումնական կենտրոնում վերապատրաստում կանցնեն ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև Թուրքիայի գործընկեր այլ պետությունների ռազմական օդաչուներ:
Ուսումնական կենտրոնում վերապատրաստվողները նախ պետք է մարզվեն իտալական արտադրության երկտեղանոց SF-260D ուսումնական ինքնաթիռներով: Այս ինքնաթիռներով 3 ամսվա ընթացքում 22 թռիչքից հետո օդաչուները պետք է 37 թռիչք իրականացնեն կորեական արտադրության KT-1T ուսումնական ինքնաթիռներով:
Այս փուլերն ավարտելուց հետո ռազմական ինքնաթիռների օդաչուների թեկնածուները պետք է ուսումնամարզական թռիչքներ կատարեն KT-1T տիպի ինքնաթիռներով, ինչպես նաև ամերիկյան արտադրության T-38 Talon տիպի գերձայնային ուսումնամարտական ինքնաթիռների` թուրքական բանակի համար արդիականցված T-38M ինքնաթիռներով:
Բեռնատար ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները ուսումնական փուլը պետք է շարունակեն CN-235 բեռնատար ինքնաթիռներով և եվրոպական արտադրության Cougar ուղղաթիռներով:
Հավելենք, որ 2015-ի հունիսին` ուսումնական կենտրոնի բացման ժամանակ, Թուրքիան և Պակիստանը համաձայնագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր վերապատրատման համար տարեկան փոխանակել ռազմաօդային ուժերի 2-ական մասնագետ, այդ թվում՝ օդաչու, ինժեներ, մեխանիկ։
Pingback: Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը միջազգային թեստավորում է անցնում | Ռազմ.info