2015 թվականի սեպտեմբերի հրետանային մարտերը՝ հետահայաց

2015 թվականի սեպտեմբերի 25-ին սկսվեցին «սեպտեմբերյան հրետանային մարտերը»։ 2014 թվականի օգոստոսյան միկրոպատերազմով և 2015 թվականի մարտերով, ըստ էության, Ադրբեջանը հող նախապատրաստեց 2016 թվականի ապրիլին ավելի լայնածավալ մարտական գործողություններ սկսելու համար։ Այս հոդվածում հետհայացք կգցենք 2015 թվականի սեպտեմբերյան դեպքերին։

2015 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանը, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 260 անգամ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ 60 և 82 մմ ականանետերով, ԱԳՍ-17, ՍՊԳ-9 և ՌՊԳ-7 նռնականետերով, թուրքական արտադրության TR-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգով (ՀԿՌՀ) արձակել էր շուրջ 4000 կրակոց։

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ Ադրբեջանը կրակը շարունակել էր TR-107 ՀԿՌՀ-ով, ինչի հետևանքով 16 զինծառայող վիրավորվեց, իսկ 4 զինծառայող՝ Նորայր Միքայելի Խաչատրյանը, Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը, Հարութ Մաքսիմի Հակոբյանը և Կարեն Գևորգի Շահինյանը զոհվեցին։ Զոհված զինծառայողները սեպտեմբերի 26-ին հետմահու պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան Ադրբեջանը հայտնում է 1 սպանվածի և 3 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան ՊԲ-ն հայտնում է, որ հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով մոտ 1000 կրակոց։ Ընդ որում՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրի կնքումից հետո առաջին անգամ Ադրբեջանը սահմանին կիրառել էր Դ-30 հաուբից (120 մմ, 30 արկ)։

Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից
Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածում, որում ասվում է․ (ամբողջական հայտարարությունը՝ այստեղ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ՝ մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։

Սեպտեմբերի 26-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է․ «Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել» (նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ադրբեջանը հայտնում է հայկական ականանետային կրակից քաղաքացիական մեկ սպանվածի մասին։

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում բնակվող եզդիների «Սինջար» միավորումը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են զորակոչվելու որպես հայկական բանակի զինվորներ։

Սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն հայտնում է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման 110 դեպքի մասին։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների վրա հակառակորդը արձակել էր 2300 կրակոց։

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդը հրետանային միջոցներով և հրազենային զենքերով արձակում է շուրջ 900 կրակոց՝ հրադադարի ռեժիմը խախտելով 120 անգամ։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական մամուլում հայտնվեց տեղեկություն սպանված 1 զինծառայողի մասին։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց սպանված 3 զինծառայողի մասին։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածեց, թե իրենց կրակից զոհվել է 7 հայ զինծառայող։ ՊԲ-ն հերքեց տարածված ապատեղեկատվությունը և հատնեց, որ Ակնայի ուղղությամբ ՊԲ պատժիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի տասնյակից ավելի սպանված և վիրավորված զինծառայողներ։

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հրապարակում է պատժիչ գործողությունների արդյունքում սպանված ևս 6 (չհաշված Ադրբեջանի ՊՆ հայտնած 3 զինծառայողները) զինծառայողի անձնական տվյալներ։

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Razm.info-ն համեմատում է Ադրբեջանի ԱԳՆ-ի զեկույցները ԶՈւ կորուստների մասին։ ՄԱԿ-ին ներկայացրած զեկույցներից պարզ է դառնում, որ Ադրբեջանը թաքցրել է սեպտեմբերի 27-ին սպանված 2 զինծառայողի մասին լուրը։

Ուշագրավ է նաև, որ սեպտեմբերի 25-ին սպանված Մամեդով Էլշան Վագիֆ օղլուի մահվան պատճառը ԱԳՆ զեկույցում ներկայացվում է հայկական կողմի հրազենային կրակը, իսկ որպես նույն զինծառայողի մահվան պատճառ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր ականանետային կրակը։ Նույն զինծառայողի մահվան մասին երկու գերատեսչությունների իրարամերժ տեղեկությունները հիմք են տալիս կասկածելու, որ խոսքը երկու տարբեր զինծառայողների մասին է։

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 25-ին սկսած «հրետանային պատերազմին» նախորդել էր Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանամերձ գյուղերի հրետակոծությունները։ Սեպտեմբերի 24-ին այդ հրետակոծությունների հետևանքով Բերդավան և Պառավաքար գյուղերում զոհվեց 3 խաղաղ բնակիչ և ևս 2-ը ստացան վիրավորում։

Այսպիսով, 2014 թվականի օգոստոսյան միկրոպատերազմը, 2014-ի նոյեմբերին ուսումնական թռիչք իրականացնող հայկական Մի-24 ուղղաթիռի խոցումը, 2015-ի մարտից սկսած 120 մմ ականանետերով հրետակոծությունները, նույն թվականի օգոստոս ամսից ՀԿՌՀ-ի կիրառումը, սեպտեմբերյան մարտերն ու 1994 թվականից ի վեր առաջին անգամ Դ-30 հաուբիցի կիրառումը առաջնագծում դարձան այն դեպքերը, որոնց ստեղծած լարվածության կուլմինացիան ի վերջո 2016 թվականի ապրիլին հանգեցրեցին լայնածավալ մարտական գործողությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *