Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ի լույս գիշերը մարտեր են ընթացել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ հայկական կողմի հետ առճակատման հետևանքով սպանվածներն են՝

  • Վալիև Ռաուֆ Ֆախրեդիդն օղլուն (Vəliyev Rauf Fəxrəddin oğlu),
  • Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu),
  • Ահմադզադե Նեման Իսփենդիյար օղլուն (Əhmədzadə Neman İspəndiyar oğlu):
Ադրբեջանի ԶՈւ, դիրքեր

Ադրբեջանի ԶՈւ, դիրքեր

Նշենք, որ Նեման Ահմադզադեի մահվան մասին ժամեր առաջ հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը՝ նշելով, որ նա ծնված էր 1995-ին և ծառայում էր Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկում։

Նկատենք նաև, որ ադրբեջանական կողմի կորուստները հայտարարվածից, վստահաբար, անհամեմատ շատ են, եթե բանը հասել է նրան, որ սեփական կորուստները ամեն գնով թաքցնող գերատեսչությունը հայտարարում է միանգամից 3-ի մահվան մասին։

Հիշեցնենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում սեպտեմբերի 24-ից ի վեր ընդունել է սրված բնույթ, երբ Տավուշի մարզի հայկական բնակավայրերի գնդակոծության և հրետակոծության  հետևանքով Բերդավան գյուղում զոհվեցին 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Նրանք երեքն էլ կանայք էին։

Սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված  զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի անցկացման ժամանակ հակառակորդի հրետակոծության  հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 16 վիրավոր։ 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»։

Ադրբեջանական զինուժի նկատմամբ մեկնարկած պատժիչ գործողությունների մասին նույն օրը հայտնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։