Casus belli. Ադրբեջանը տալիս է պատերազմի առիթը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ հայկական բանակը հրթիռահրետանային միջոցներով մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։

Հայկական կողմի այս արձագանքը վերջին 1,5–2 տարում իրավիճակը սրելու՝ ադրբեջանական կողմի նպատակային ու հետևողականորեն քաղաքականության տրամաբանական պատասխանն է։

Դեռ 2 տարի առաջ հրադադարի ռեժիմը հիմնականում խախտվում էր հրազենով, իսկ ամենալուրջ միջադեպերը հետախուզական-դիվերսիոն առանձին խմբերի ներթափանցման փորձերն էին։ Խիստ հազվադեպ կիրառվում էին նաև նռնականետեր ու փոքր տրամաչափի ականանետեր։ Սակայն վերջին 1.5–2 տարում Ադրբեջանը հետևողականորեն ավելացրեց և հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը և կիրառվող զինատեսակները։ Ընդ որում` ադրբեջանական հարձակումները չտարբերակող են (միջազգային իրավունքի լեզվով՝ indiscriminate attack), այսինքն` որևէ տարբերակում չի դրվում քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև։

Այսպես օրինակ.

Իսկ այսօր հայտնի դարձավ նաև, որ 1994 թվականի հրադադարից ի վեր առաջին անգամ կիրառվել է նաև ծանր փողային հրետանի՝ 122մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներ։ Որևէ կասկած չի կարող լինել, որ այս ամենը, և հատկապես խաղաղ բնակչության դեմ հարձակումները Հայաստանի համար փաստացի casus belli են (լատ. «պատերազմի առիթ»՝ միջազգային իրավունքում ընդունված եզր է), այնպես որ, ՀՀ ՊՆ հայտարարությունը, ինչպես նաև հայկական բանակի համապատասխան գործողությունները ոչ միայն համարժեք են, այլև անհրաժեշտ, պահանջված և օրինական։ Ըստ էության, թշնամուն խաղաղություն պարտադրելու միակ հնարավորությունն է։

Հ.Գ. Մինչ պատրաստում էինք հոդվածը, հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.

Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը: Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *