Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում գումարտակի կազմով անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ, որի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Այս մասին սեպտեմբերի 26-ին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:
Զորավարժությունների ընթացքում` պայմանական մարտի ժամանակ, տարբեր ստորաբաժանումների միջև իրականացվել են վարժանքի սցենարով նախատեսված փոխհամաձայնեցված համալիր գործողություններ, որի արդյունքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը:
Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա:
«Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հայ-ռուսական միացյալ զորախմբի ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
Pingback: Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն | Ռազմ.info