ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են անում

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ:

Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջից։ Դեսպանատունը նաև հորդորել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին, զգուշություն ցուցաբերել հանրային տարածքներում և խուսափել բազմամարդ ցույցերից:

Ավելին, դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին էլ է թելադրել Ապշերոնի թերակղզուց դուրս չճամփորդել։

Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին է դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։

Ուշագրավ է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից բռնկված մարտերի ժամանակ ևս զգուշացում էր արել, սակայն այն ավելի սահմանափակ էր. հուլիսին կոչ էր արվում խուսափել միայն մարտական գործողությունների գոտուն հարակից Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց։ Բացի այդ՝ զգուշացնող հայտարարությունն արվել էր միայն հուլիսի 15-ին (նախորդ օրը սպանվել էին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի շտաբի պետն ու հրետանու պետը)։ Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիների համար հուլիսին նման զգուշացում չէր հրապարակվել։

Ինչպես արդեն գրել ենք, վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *