[Լրացված] Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին, բացի հայտարարված 3 կորուստը, ունեցել է ևս 6 կորուստ: Ինչպես նշվում է ՊԲ հաղորդագրությունում, այս մասին հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից։ Ադրբեջանի զինված ուժերի սպանված զինծառայողներն են՝

  • Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015),
  • Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015),
  • Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014),
  • Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014),
  • Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014),
  • Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: Պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:
Չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ-ն տեղեկացնում է նաև, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ԱԳՍ-17 (15 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

ԼՐԱՑՈՒՄ. Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հորդորն ադրբեջանական լրատվամիջոցներին չտարածելու Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած տվյալներն ադրբեջանական կորուստների մասին և օգտվելու միայն ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից։
«Պաշտանապես հայտարարում ենք, որ ցուցակում նշված անուններով մարդիկ մեր զինված ուժերում ընդհանրապես չկան», — հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հիշեցնենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում սեպտեմբերի 24-ից ի վեր ընդունել է սրված բնույթ, երբ Տավուշի մարզի հայկական բնակավայրերի գնդակոծության և հրետակոծության  հետևանքով Բերդավան գյուղում զոհվեցին 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Նրանք երեքն էլ կանայք էին։

Սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված  զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի անցկացման ժամանակ հակառակորդի հրետակոծության  հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 16 վիրավոր։ 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»։

Ադրբեջանական զինուժի նկատմամբ մեկնարկած պատժիչ գործողությունների մասին նույն օրը հայտնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։

5 responses to “[Լրացված] Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

  1. Pingback: ՊԲ հրամանատար. պետք լինի կկիրառենք նաև ավելի ծանր հրետանային միջոցներ | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *