Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 մայիսի, 2016

Շաբաթն առաջնագծում հանգիստ է անցել • Հայկական զինուժը կորցրել է երկու զինծառայող • Հայաստանը կփորձի արագ բերել Ռուսաստանից գնվող զենքը • Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ զորավարժություն • Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել Թուրքիայի սահմանին • ՀՀ նախագահը նշանակել է ՀՀ ԶՈւ կապի պետ, ազատել է ՀՀ ԶՈւ սպառազինության պետին • Հանրապետության տոնը նշվել է հանդիսավոր միջոցառումով • ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանում • Կամավորականները կպահպանեն իրենց աշխատանքի տեղը, ԱԺ 1-ին ընթերցում • ԱԺ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ • Երևանի քաղաքապետարանը 3 բնակարան է նվիրել զոհված զինծառայողների ընտանիքներին • ՀՀ նախագահը զոհված զինծառայողների պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին • ՀՀ ՊՆ-ում ընդունել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին • ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ ԶՈւ սննդամթերքի՝ Լեհաստանում վաճառքի լուրը • Երևանում բացվել են Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանները

1․ Հանրապետության օրվա արարողությունը Սարդարապատի հուշահամալիրում, 2. ՀՀ ԱԺ ներկայացուցիչներին ցուցադրում են Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքը, 3․ ՀՀ նախագահը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորն է հանձնում նրա հերոս որդու պարգևը, 4. Հայաստանում ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

1․ Հանրապետության օրվա արարողությունը Սարդարապատի հուշահամալիրում, 2. ՀՀ ԱԺ ներկայացուցիչներին ցուցադրում են Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքը, 3․ ՀՀ նախագահը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հորն է հանձնում նրա հերոս որդու պարգևը, 4. Հայաստանում ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

• Մայիսի 22-ից 28-ն առաջնագծում իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցները՝ հիմնականում հրաձգային զինատեսակներով և քիչ։ Մայիսի լույս 25-ի գիշերն Արցախի շփման գծում ընդհանրապես կրակոց չի արձանագրվել։ Մայիսի լույս 26-ի գիշերը, սակայն, Ադրբեջանի զինուժն Արցախի դիրքերին կրակել է ԱԳՍ-17 նռնականետով (մայիսի 22, մայիսի 23, մայիսի 24, մայիսի 25, մայիսի 26, մայիսի 27, մայիսի 28)։ Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն առաջնագծի իրավիճակը հեռախոսով ներկայացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

• Մայիսի 25-ին ՊԲ մարտական դիրքերից մեկում ստացած հրազենային վնասվածք է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանը։ Զինծառայողի մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն։

• Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կրծքավանդակի կտրած ծակած վնասվածք է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է ժամկետային զինծառայող Հակոբ Արայիկի Գևորգյանը։ Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը։

• Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի վարկով զենք գնելու պայմանագրերի որոշ մասն արդեն կնքված է, միջոցների որոշ մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի դրանք արագ տեղափոխել Հայաստան։

• Մայիսի 24-ին Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ոստիկանական հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը, որի գործնական փուլում՝ մայիսի 26-ին, ստորաբաժանումները զրահատեխնիկայի և ուղղաթիռների օգնությամբ չեզոքացրել են պայմանական ահաբեկչական խմբավորմանը։ Զորավարժությունից հետո ՀՀ նախագահն ընդունել է Հայաստան եկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։

• Մայիսի 12-ից 14-ը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ Հայաստանում` հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որում հիմնական շեշտը դրվել է պաշտպանությունը գերազանց իրականացնելու վրա։

• Մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է ՀՀ ԶՈւ սպառազինության պետ – վարչության պետի պաշտոնից։

• Մայիսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 26-ին գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի՝ պաշտոնից ազատումից հետո։

• Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

• Մայիսի 24-26-ին Թբիլիսիում «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովին» մասնակցելու համար Վրաստան են մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակները՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Դավիթ Տոնոյանը Վրաստանում հանդիպել է Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: Իսկ Էնրիկո Ապրիամովը հանդիպել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեին և որպես դիտորդ ներկա է եղել Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային Noble Partner-2016 զորավարժության վերջին փուլին:

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին

• Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլյան մարտերի մասնակից կամավորականների աշխատատեղը պահելու օրենքի նախագիծը:

• Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են «Լյուբավա-Արմենիա», «Պատնեշ» ռազմարդյունաբերական ընկերություններ և Չարենցավանի հաստոցաշինական գործարան, ծանոթացել են արտադրամասերի աշխատանքային պայմաններին և հետաքրքրվել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներով։

Խորհրդարանականներին ներկայացվել է «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքը

Խորհրդարանականներին ներկայացվել է «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքը

• Մայիսի 25-ին Երևանի ավագանին մեկական բնակարան է նվիրել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների՝ Սարգիս Խալաֆյանի, Հրաչյա Մուրադյանի, Մանվել Գևորգյանի ընտանիքներին, որոնք բնակարանի կարիք ունեին։

• Մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը 2016թ․ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները։

• Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոդջեսին և քննարկել համագործակցության հարցեր։

• Մայիսի 25-ին ՀՀ դատախազությունը տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է Հայաստանի զինված ուժերին մատակարարվող պահածոների՝ Լեհաստանում վաճառքի մասին տեղեկատվությունը:

• Մայիսի 23-ին Երևանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում  բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը:

• Մայիսի 28-ին Երևանի Հարապետության փողոցին կից պուրակում բացվել է պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանը։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *