Այսօր՝ մայիսի 25-ին, Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն (106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) ընդունել է ապրիլյան մարտերի մասնակից կամավորականների աշխատատեղը պահելու օրենքի նախագիծը:
Ամբողջովին ընդունվելու համար նախագիծը պետք է ընդունվի 2-րդ և 3-րդ ընթերցումներով ևս, այդ ընթերցումների ընթացքում նախագիծը կարող է փոփոխվել:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կամավոր մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում աշխատողների համար սահմանվում են աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում):
Մասնավորապես աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը), եթե որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին:
Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, որը կնքվում է աշխատողին տրված՝ աշխարհազորային համարվելու մասին տեղեկանքի հիման վրա (տեղեկանքը տալիս է ՀՀ պաշտպանության նախարարությունը):
Օրենքի փոփոխությունը տարածվում է նաև 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, այսինքն ընդունվելիք օրենքը կտարածվի նաև ապրիլյան մարտերի մասնակից աշխարհազորայինների (կամավորականների) վրա:
Օրենքի նախագծի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս թեմայով Ռազմինֆոյի նախորդ հոդվածում: