Սեյրան Օհանյանը Կասպրշիկին տեղեկացրել է առաջնագծի իրավիճակի մասին

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ և քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Ավելացնենք, որ վերջին օրերին առաջնագծում իրավիճակը հանգիստ է, կրակոցները՝ քիչ: Իսկ Կասպրշիկի թիմը հայ-ադրբեջանական շփման գծում նախորդ դիտարկումն իրականացրել է մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 19-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *