Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմակերպած քննարկմանը • Առաջնագծում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել • Շաբաթվա ընթացքում կրակոցները նվազել են • ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ խաղարկվել են ապրիլյան պատերազմի դրվագներ • Արցախում վարժանքներ են անցկացրել կամավորականները • Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ • ՀՀ կառավարությունում և ՀՀ ՊՆ-ում հստակեցրել են զորակոչի աշխատանքները • Պաշտոնյաներն այցելել են ՊԲ առաջնագծի տարբեր ուղղություններ • Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ զորավարժություն • ՀՀ ՊՆ առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել Գերմանիայում • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտոնակիցների խորհրդակցությանը • ՀՀ ՊՆ խաղաղապահները Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ զորավարժության • ՀԱՊԿ երկրները ԳԼՈՆԱՍՍ-ը կօգտագործեն համատեղ • ՀՀ ԶՈւ ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել • ՀՀ ՊՆ-ում քննարկել են աշխատանքների օպտիմալացման հնարավարությունները • Մարտակերտի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջոդեպերի • Արցախի գյուղերից մեկում հայտնաբերվել է 50 հակահետևակային ական • ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը • Հայաստանում վարժանքներ են սկսել ՌԴ ԶՈւ ավիացիոն, ՌԷՊ ստորաբաժանումները

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ

• Մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ քննարկմանը, որի ժամանակ համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Վիեննայից Երևան վերադարձի ճանապարհին ՀՀ նախագահը լրագրողներին ներկայացրել է բանակցությունների ընթացքն ու արդյունքները։

• Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը թշնամին փորձել է սրել առաջնագծի իրավիճակը։ Մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղության դիրքերից մեկում թշնամու կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

• Շաբաթվա սկզբին որոշակի լարվածությունից ու նախագահների հանդիպումից հետո առաջնագծի իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, հակառակորդը հիմնականում կրակել է միայն հրաձգային զինատեսակներով (մայիսի 15, մայիսի 16, մայիսի 17, մայիսի 18, մայիսի 19, մայիսի 20, մայիսի 21

• Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում անցկացվել է ուժեղացված գնդային մարտավարական զորավարժություն, որի ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մարտավարական կարևորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման և մի շարք այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ:

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալին ներկայացնում է գնդային զորավարժության ընթացքը

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալին ներկայացնում է գնդային զորավարժության ընթացքը

• Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկն ուսումնավարժություն է անցկացրել, որին մայիսի 17-ին հետևել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։

• Մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնում։

• Մայիսի 19-ին ՀՀ կառավարությունն ընդունել է ամառային զորակոչի կազմակերպման մանրամասները հստակեցնող որոշում, որով զորակոչը կանցկացվի մայիս-հուլիս ամիսներին, ինչպես և նշված էր ՀՀ նախագահի հրամանագրում: Մայիսի 20-ին էլ զորակոչի կազմակերպման նվիրված խորհրդակցություն է անցկացվել ՀՀ ՊՆ-ում, որի ժամանակ, խոսելով նախորդ զորակոչերի արդյունքների և 2016թ. ամառային զորակոչի խնդիրների մասին, ՀՀ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու արձանագրված բացթողումները:

Մինչ այդ՝ մայիսի 16-ին Արցախի նախագահը նույնպես ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման անցկացման հրամանագիրը։

• Մայիսի 14-15-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային և հյուսիսային սահմանագծեր, ծանոթացել դիրքապահների ծառայության ընթացքին։

Մայիսի 16-ին Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությունը և այդ ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ պետական մարմինների աշխատանքները:

Մայիսի 18-ին ՊԲ հրամանատարն իր հերթին բանակի՝ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացները:

Մայիսի 19-ին Բակո Սահակյանը ևս մեկ անգամ այցելել է Արցախի հարավային առաջնագիծ։

Մայիսի 21-ին էլ Արցախ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հանդիպել է Բակո Սահակյանին, քննարկել բանակաշինության խնդիրները, եղել առաջնագծում։

• Մայիսի 24-26-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ պետությունների ներքին զորքերի ստորաբաժանումները։

• Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳՆ-ում և ՊՆ-ում, քննարկվել են պաշտպանական համագործակցության և Արցախի շփման գծում հետաքննական մեծանիզմների ներդրման հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումներից մեկը Գերմանիայում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումներից մեկը Գերմանիայում

• Մայիսի 18-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունները և ուղենիշները։

• Մայիսի 17-19-ին ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2016» զորավարժության նախապատրաստման շտաբային բանակցություններին:

• Մայիսի 20-ին Տաջիկստանում ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը համատեղ օգտագործել ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ստեղծել ռազմական տեխնիկայի նորոգման համատեղ ձեռնարկություն: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։

ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստ

ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստ

• ՀՀ ԶՈւ ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար։ Աբրահամյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել է ՀՀ ՊՆ-ին պատճառված վնասը։

• Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում ՀՀ կառավարության հանձնարարականի համաձայն քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտության թեմաներ:

• Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

• «Հալո Թրաստ» կազմակերպության արցախյան խումբն ականների փնտրման աշխատանքների ժամանակ միայն մայիսի 17-ին Արցախի Զուար գյուղում հայտնաբերել է 50 հակահետևակային ական։

• Մայիսի 17-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հանդիպել են ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին, ով ներկայացրել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ստեղծման պատմությունը, գործառույթները:

• Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ներկայացրել է հայրենի ռազմարդյունաբերական արտադրանքի որոշ նմուշներ։

• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի օդաչուները Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներով գիշերային և ցերեկային պարապմունքներ են սկսել Հայաստանի լեռնաանտառային տեղանքներում։

• Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նոր տեղափոխված զինծառայողներն էլ վարժանքներ են սկսել՝ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ համակարգին ծանոթանալու համար:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *