Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները ստացել են բնակարաններ

Մայիսի 25-ին Երևանի ավագանին հավանություն է տվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրել երեք բնակարաններ, որոնք Երևանի համայնքային սեփականություն են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

Առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում Երևանի ավագանու որոշմամբ հատկացվել է 85,16 քմ մակերեսով բնակարան:

Առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85,16 քմ մակերեսով բնակարան:

Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին էլ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի 10 շենքում հատկացվել է 60,63 քմ մակերեսով բնակարան:

Երևանի ավագանու այս մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին, երբ քաղաքապետարանը ՀՀ ՊՆ-ից ճշտում էր զինծառայողների տվյալները: Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հայտարարել էր, որ երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն:

Բացի այդ, քաղաքապետարանը ճշտում էր նաև երևանաբնակ զոհված զինծառայողների գնացած դպրոցները, որպեսզի այդ դպրոցներում ստեղծվեն զինծառայողներին նվիրված հուշանկյուններ:

One response to “Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները ստացել են բնակարաններ

  1. Pingback: Քաղաքապետարանը բնակարան է տրամադրել ապրիլին զոհված ևս մեկ երևանցի զինծառայողի ընտանիքի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *