ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ում ամերիկացի զինվորականների հետ քննարկվել են համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ-ում ամերիկացի զինվորականների հետ քննարկվել են համագործակցության հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում և այլն:

Գեներալ-լեյտենանտ Հոդջեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ ուրախ է Երևանում անձամբ լինելու և համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկումների ունենալու համար, հատկապես, որ այս տարի արդեն հնարավորություն է ունեցել տեսնելու ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական անձնակազմի տպավորիչ մասնակցությունը Գեմանիայի Հոհենֆելս քաղաքում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի «Միաձուլված Սուր» զորավարժությանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահ գործողությունները և ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:

Արցախի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

Ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունը Արցախում կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ, նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ խմբի գործընթացի միջոցով համակարտության խաղաղ կարգավորմանը:

Այցի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը մասնակցել է նաև մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը:

One response to “ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *