Այսօր՝ մայիսի 24-ին, վրաստանյան «Վազիանի» զորավարժարանում ցուցադրական զորավարժության անցկացումով ավարտվել է մայիսի 11-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։
Համատեղ ցուցադրական վարժանքին ներգրավվել են ամերիկյան մեկ միավոր М1А2 «Abrams» տանկ, մեկ միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա, ամերիկյան 105-մմ М119А1 հաուբից, Վրաստանի ԶՈւ հաշվեկշռից՝ Տ-72 տանկ, ԲՄՊ-2, ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ, MEDEVAC տարհանման մեքենաներ։ Վարժանքի սցենարով պայմանական հակառակորդին առաջին հարվածը հասցրել են դիպուկահարները, այնուհետև գործի է դրվել ավիացիան, մասնավորապես, Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները։ Ավիահարվածներից հետո արդեն համատեղ զորախումբը հակառակորդին հարվածներ է հասցրել հրետանիով և զրահատեխնիակայով։ Ցուցադրական գործողությունն ավարտվել է հետևակային ստորաբաժանման հարձակումով։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն,Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Հոլ Հոլը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ։
Միջոցառման ավարտին Թինա Խիդաշելին խոսել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, մասնավորապես նշելով.
«Նմանատիպ ցանկացած զորավարժություն Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման երաշխիք է։ Չնայած զինված ուժերի մերձեցումը բավարար չէ, այս գործընթացի համար քաղաքական համաձայնություն է պետք։ Այն փաստը, որ այսօր մեզ ներկայացված է վրաստանյան այն վաշտը, որն արդեն պաշտոնապես ՆԱՏՕ-ի վաշտ է, փաստում է, որ այս տարվա ընթացքում առաջ ենք գնացել։ Բայց ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ վերջանական որոշման համար պետք է 28 երկրի [ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը—Razm.info] համաձայնությունը, ինչը կախված չէ միայն նրանից, թե որքան ուժեղ, պատրաստված և չափանիշներին [նկատի ունի ՆԱՏՕ-ի —Razm.info] համապատասխան է մեր ԶՈւ-ն»,—հայտարարել է Խիդաշելին։
Նշենք, որ Noble Partner 2016 զորավարժության նպատակն էր ստուգել վրաստանցի զինծառայողների փոխգործակցությունը մյուս զինծառայողների հետ։ Երեկ՝ մայիսի 23-ին, Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը ցուցադրական զորավարժություն էր արել և անցել ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Վարժանքի բարեհաջող անցկացումից հետո վաշտը վերջնականապես 3 տարով դարձել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ( NRF) մաս։
Հիշեցնենք, որ զորավարժության համար մայիսի 9-ին Վրաստան էին ժամանել 650 ամերիկացի (Եվրոպայում ԱՄՆ հրամանատարությունից) և 150 բրիտանացի զինծառայողներ։ Վրաստանում նրանց միացել է ևս 500 վրաստանցի զինծառայող։ Զորավարժության բացմանը ներգրավվել էին նաև ամերիկյան 3 միավոր C-130 և մեկ միավոր С-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից դեսանտավորվել են վարժանքներին մասնակցող անձակզմը և մի քանի միավոր զինտեխնիկա։
Ամերիկյան կողմից զորավարժությանը մասնակցել են զինված ուժերի 173-րդ օդադեսանտային բրիգադի դաշտային հրետանու 319-րդ գնդի 4-րդ գումարտակի «Բրավո» վաշտը, նույն բրիգադի 503-րդ հետևակային գնդի 2-րդ գումարտակի հակատանկային վաշտը, առաջին հեծելազորային դիվիզիայի և 3-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները։ Վրաստանյան կողմից առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը։
Առաջին անգամ Noble Partner զորավարժությունը Վրաստանում անցկացվել է 2015 թվականին։
Pingback: Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ու Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանում սպառնալիք են համարում Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունը | Ռազմ.info