Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մասնակից ստորաբաժանումների հանդիսավոր երթով մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը:

ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ-2016» զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները

ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ-2016» զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները

Զորավարժությանը մասնակցում է ՕԱՀՈւ կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ոստիկանության ստորաբաժանումների 600-ից ավելի անձնակազմ ՀԱՊԿ անդամ 6 պետություններից, ինչպես նաև շուրջ 40 միավոր տեխնիկա: Կիրառվելու են հարվածային և բեռնատար ուղղաթիռներ:

Մինչև մայիսի 26-ը շարունակվելիք զորավարժության ընթացքում ստորաբաժանումները կատարելու են հետևյալ խնդիրները.

  • Ահաբեկչական կազմակերպությունների գործունեության կանխարգելում,
  • Զենքի, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության սահմանափակում,
  • Հատուկ նշանակության ուժերի և միջոցների ղեկավար մարմինների գործողությունների ստուգում,
  • Անձնակազմի մարտական պատրաստության կատարելագործում:

Այսօրվա հանդիսավոր արարողության մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և այլ պաշտոնյաներ: Ավելի ուշ զորավարժությանը հետևելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նշենք, որ «Կոբալտ-2016» զորավարժության անցկացման մասին 2015-ի սեպտեմբերին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս տեղեկացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելացնենք, որ Հայաստանը շարունակաբար նախաձեռնում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ընդլայնման, կատարելագործման, համատեղ զորավարժությունների անցկացման որոշումներ:

One response to “Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

  1. Pingback: ՀՀ նախագահը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանում ընթացող զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *