Այսօր՝ մայիսի 11-ին, Վրաստանի ամենամեծ «Վազիանի» զորավարժարանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժությունը, որն ընթանալու է մինչև մայիսի 24-ը։
Զորավարժության սցենարով ամերիկյան 3 C-130 բեռնատար ինքնաթիռից դեսանտավորվել է ԱՄՆ բանակի 120 զինծառայող, իսկ С-17 բեռնատար ինքնաթիռից դեսանտավորվել են նաև 1 միավոր ամերիկյան М119А1 հաուբից և Humvee ամենագնաց։
Այնուհետև զորավարժության ակտիվ փուլին միացել են նաև մյուս զինծառայողները և ամերիկյան Abrams տանկերը։ Վարժանքների առաջին օրվա ընթացքում մասնակիցները կրակային վարժանքներ են անցկացրել։ Օրն ամփոփվել է ամերիկյան զինտեխնիկայի և զենքերի ցուցադրությամբ։
Նշենք, որ զորավարժության համար մայիսի 9-ին Վրաստան էին ժամանել 650 ամերիկացի (Եվրոպայում ԱՄՆ հրամանատարությունից) և 150 բրիտանացի զինծառայողներ։ Վրաստանում նրանց միացել է ևս 500 վրաստանցի զինծառայող։ Վրաստանյան կողմից վարժանքներին ներգրավված են նաև Տ-72 տանկեր և ԲՄՊ-2-ներ։
Զորավարժության բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Բեռլիները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Հոլ Հոլը։
Բացման արարողության ժամանակ նախագահ Մարգվելաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև դրա համար Վրաստանի ամբողջ հասարակությունն է քայլեր անում։
Հավելենք, որ զորավարժության նպատակն է ստուգել վրաստանցի զինծառայողների փոխգործակցությունը մյուս զինծառայողների հետ։ Այս վարժանքների փուլը հաջող անցնելու դեպքում Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողներն ամբողջովին կհամապատասխանեն չափանիշներին և 3 տարով կմտնեն ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) կազմի մեջ։ Հարկ է նշել սակայն, որ այդ ստորաբաժանման հավաստագրման մասին մի քանի անգամ հայտարարել էին նաև ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները NRF-ի տարբերանշանով
Առաջին անգամ Noble Partner զորավարժությունը Վրաստանում անցկացվել է 2015 թվականին։ Այն ժամանակ ԱՄՆ-ն Վրաստան էր տեղափոխել միայն «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ։