Մայիսի 11-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, նռնականետներով և ականանետներով խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին հայտնում է, որ մայիսի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի նպատակային խախտումների դեպքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *