Ռուսաստանում սպառնալիք են համարում Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունը

Նոյեմբերի 10-ից 20-ը Վրաստանում անցկացվում է «Վրաստան-ՆԱՏՕ» հրամանատարաշտաբային զորավարժություն, որին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների 250 ներկայացուցիչ:

Զորավարժության մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը մեկնաբանել է զորավարժությանը ազդեցությունը տարածաշրջանի վրա.

«Սկզբունքորեն այն սպառնալիք չի կրում: Որոշ զորամասեր տեղում ցույց են տալիս հարձակում, պաշտպանություն, ռազմերթ, զորքերի տեղաշարժեր: Բայց իրականում այդ ամենը թեորիա է: Բայց չի կարելի ասել, թե [զորավարժությունը] չի սպառնում տարածաշրջանի իրավիճակին: Մենք բոլորս հիանալի հիշում ենք 2008-ի օգոստոսը (ռուս-վրացական պատերազմը — խմբ), որին նախորդել են հենց այսպիսի հրամանատարաշտաբային վարժանքներ, որոնք անցկացվում էին Վրաստանում, և պատրաստումը նույնպես իրականացնում էին ամերիկացի հրահանգիչները: Եթե այս տեսանկյունից նայենք, ապա իհարկե, այս զորավարժությունը տհաճ տպավորություն է թողնում, առավել ևս, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները մնում են չլուծված»:

Նոյեմբերի 15-ին այս զորավարժությանն արձագանքել էր նաև Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը. «Ընթացիկ տարում սա արդեն երրորդ բազմազգ զորավարժությունն է Վրաստանի տարածքում՝ մայիսին անցկացված Noble Partner և սեպտեմբերին անցկացված Agile Spirit զորավարժություններից հետո: Պլանավորված աճում են Վրաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստության մասշտաբները և ինտենսիվությունը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: Ռուսաստանը տարածաշրջանում կայունության և խաղաղությանն ուղղված լուրջ սպառնալիք է տեսնում նմանատիպ ակտիվության մեջ»:

Նոյեմբերի 17-ին ռուսաստանյան կողմին պատասխանել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ նշելով, որ Վրաստանի հարևանները ՆԱՏՕ-ի զորավարժության մեջ սպառնալիք տեսնելու հիմք չունեն.

«Հիշատակված վարժանքները ծառայում են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը: Ոչ մի հարևան այս զորավարժության մեջ սպառնալիք տեսնելու հիմք չունի: Զորավարժությունն անցկացվում է ՆԱՏՕ-ի հետ մեր զինված ուժերի համատեղելիության նպատակով և անհրաժեշտ է անվտանգության տեսանկյունից, այդ պատճառով նմանատիպ զորավարժությունները շարունակվելու են նաև ապագայում՝ խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով»:

Հիշեցնենք, որ զորավարժությունն անցկացվում է «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ ուսումնական կենտրոնի տարածքում: Զորավարժությանը մասնակցում են նաև Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Բրիտանիայի, ԱՄՆ, Ուկրաինայի և այլ պետությունների ԶՈւ զինծառայողներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Զորավարժությունն անցկացվում է բազմազգ բրիգադի մակարդակով, վրաստանյան կողմի հրամանատարությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *