ՀՀ-ում ՀԱՊԿ «Կոբալտ» զորավարժությունն ավարտվել է ահաբեկչական խմբի չեզոքացմամբ

Մայիսի 26-ին ՀՀ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ոստիկանական զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական զորավարժության գործնական փուլը:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժության գործնական փուլի ժամանակ

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժության գործնական փուլի ժամանակ

«Օպերատիվ-մարտական գործողությունների և հատուկ գործողության իրականացումը հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կողմից՝ օպերատիվ արձագանքման ուժերի կազմավորման հետ փոխգործակցությամբ» թեմայով վարժանքների նպատակը համատեղ միջոցառումների մշակումն էր՝ ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք-զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Զորավարժության սցենարի համաձայն՝ բուն վարժանքի ընթացքում խաղարկվել է վեց մարտավարական դրվագ:

Առաջին դրվագում հատուկ ուժերի ստորաբաժանումներն սկսել են տարածքում արտակարգ դրության ապահովման և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ, ստեղծվել են պահակակետեր, պարեկախմբերն իրականացրել են մարտական հերթապահություն:

Երկրորդ դրվագում իրականացվել է հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն է եղել: Այս գործողության ընթացքում օգտագործվել է անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզությունն ու զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշել ու ոչնչացրել է ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվել են Մի-24 մարտական ուղղաթիռներ, որոնցով կրակել են շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպասելի հարձակումը թույլ է տվել հանկարծակիի բերել գրոհայիններին ու կանխել հակահարձակումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվել են գրոհայինների դեմ:

Այս խնդրի իրականացմանը հաջորդել է գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով:

Հինգերորդ դրվագն ամբողջովին ուղղված է եղել շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում Մի-8 ուղղաթիռից դեսանտ է իջեցվել շինության տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մտել են դռնից ու պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրել է մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվել են, իսկ վիրավոր դիվերսանտին հատուկջոկատյինները բուժօգնություն են ցուցաբերել տեղում:

 

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրել են հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ:

«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցել են 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա:

Զորավարժության գործնական փուլին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀԱՊԿ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) ներկայացուցիչները: Որպես դիտորդ զորավարժության հետևել են նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ հակատեռորիստական կենտրոնի պատվիրակները:

Զորավարժության ավարտից հետո իրենց պատրաստականությամբ աչքի ընկած ծառայողները Հայաստանի ոստիկանապետի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի պաշտպանության նախարարի հրամաններով արժանացել են պարգևների:

Պարգևատրումից հետո ցուցադրական ելույթ է ունեցել ՀՀ ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը: Այնուհետև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր:

One response to “ՀՀ-ում ՀԱՊԿ «Կոբալտ» զորավարժությունն ավարտվել է ահաբեկչական խմբի չեզոքացմամբ

  1. Pingback: Ռուսաստանյան «Տիգր» զրահամեքենան նախատեսվում է դարձնել դեսանտավորվող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *