Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016

Ադրբեջանում սպանվել է սահմանապահ պետական ծառայության զինծառայող • Սիրիայում հաստատվել է հրադադար • Սաուդյան Արաբիայի կործանիչները ԻՊ-ին կհարվածեն Թուրքիայից • Սիրիայի հակակառավարական ուժերը կտրել են Հալեպի ճանապարհը • Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում տեղակյաված ՌԴ ՀՕՊ համակարգերին հակազդող սպառազինություն է ստացել • Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը • Թուրքիայի ՌԾՈւ-ն և ժանդարմերիան զորավարժություններ են անցկացրել • ՌԴ ԶՈւ կասպյան ռազմանավերը կայցելեն Ղազախստան, Իրան, Ադրբեջան • Թուրքական, Սաուդյան ռազմարդյունաբերական ընկերությունները համատեղ արտադրություն են հիմնում • Թուրքիան մտադիր է ներկրել միջին հեռահարության ՀՕՊ սպառազինություն • Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

• Փետրվարի 20-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում ծառայակցի բազմակի կրակոցներից սպանվել է զինծառայող Սենան Մեհդիզադեն (Sənan Mehdizadə):

• Փետրվարի 27-ին՝ տեղի ժամանակով 00։00 ժամին (Երևան՝ 02։00) ուժի մեջ է մտել Սիրիայում կռվող բոլոր ոչ ահաբեկչական խմբավորումների միջև հրադադարը, որի մասին շաբաթվա սկզբին համաձայնության էին հասել Սիրիայի հրադադարի հարցով աշխատանքային խմբի համանախագահները ԱՄՆ-ն և ՌԴ-ն։ Մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեն հրադադարին իրենց մասնակցությունը:

Սիրիայի հրադադարը չի վերաբերում միայն ահաբեկչական խմբավորումներին, որոնց ցանկը հստակ չէ (միանշանակ է միայն, որ այդ ցանկում են ԻՊ-ն և «Ջաբհատ ան-Նուսրան»)։ Ըստ այդմ՝ Թուրքիան, ահաբեկչական ճանաչելով Սիրիայի քրդական խմբերին, հայտարարել է, որ հրադադարը չի կարող վերաբերել այդ խմբերին։

• Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի կործանիչները ԻՊ դեմ պայքարի համար փետրվարի 25-ից սկսել են տեղափոխվել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա:

• Փետրվարի 21-ին Սիրիայի հակակառավարական խմբավորումներից մեկը հանկարծակի գրոհով վերցրել է կառավարական ուժերը Հալեպին կապող միակ ճանապարհի վրա տեղակայված գյուղերից մեկը՝ կտրելով Հալեպի և այլ վայրերի կառավարական ուժերի միջև կապը: Փետրվարի 2225-ին կառավարական ուժերը փորձել են վերադարձնել ճանապարհի ամբողջական վերահսկողությունը:

• Փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Թուրքական «Ասելսան» ընկերությունը երկրի ռազմաօդային ուժերին հանձնել է ցամաքային տեղակայման «Կորալ» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ, որոնք պիտի հակազդեն Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ՀՕՊ միջոցներին: Հաջորդ օրն էլ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն իր հերթին կասեցրել է Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը:

• 2016-ի փետրվարին Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ անցկացրել է երկու զորավարժություն, որոնցից մեկն անցկացվել է Միջերկրական ծովում, մյուսը՝ Սև ծովում՝ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) ստորաբաժանումների հետ համատեղ։ Փետրվարի առաջին կեսին զորավարժություններ են անցկացրել նաև Թուրքիայի ժանդարմերիայի ստորաբաժանումները։

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ.

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ.

• 2016-ի երկրորդ կեսին Ռուսաստանի ԶՈւ կասպյան նավատորմիղի մի քանի նավեր այցելելու են Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի նավահանգիստներ։ Բաքվում ռազմանավերը նաև մասնակցելու են ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

• Թուրքիայի «Ասելսան» և Սաուդյան Արաբիայի TAQNIA ռազմարդյունաբերական ընկերությունը ստորագրել են Սաուդյան Արաբիայի տարածքում համատեղ ընկերություն հիմնելու համաձայնագիր։ Հավասար բաժնեմասով հիմնվող ՍՊԸ-ն զբաղվելու է ռադարների, ռազմական էլեկտրոնիկայի և էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների նախագծմամբ, արդիականցմամբ և արտադրությամբ:

• Փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը քննարկում է Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ համատեղ արտադրության MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու տարբերակը, քանի որ սեփական համակարգի արտադրությունը լավագույն դեպքում հնարավոր է սկսել միայն տասը տարի հետո:

• Փետրվարի 20-22-ին և 24-ին Թուրքիայի արևելքում ուժայինների և քրդերի մարտերում սպանվել է մեկ տասնյակից ավելի ուժային ու խաղաղ բնակիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *