Փետրվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում հաստատվող հրադադարը վերաբերում է միայն այդ երկրի ներսում կռվողներին, և եթե «Թուրքիայի անվտանգությանը ինչ-որ բան սպառնա, ապա հրադադարը չի վերաբերի իրենց»:
Դավութօղլուն հայտարարում է, որ Սիրիայի տարածքում գործող քրդական YPG-ն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) նման ահաբեկչական կառույց է (PKK-ն Թուրքիայում ճանաճված է հենց որպես ահաբեկչական կազմակերպություն) և հրադադարը չի կարող վերաբերել Սիրիայի քրդերին:
Նա ավելացրել է, որ եթե Թուրքիային ինչ-որ վտանգ սպառնա, ապա որևէ մի կողմ չի կարող կասեցնել իրենց գործողությունները:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնության են հասել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, ինչի համար մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեն հրադադարին իրենց մասնակցությունը:
Հրադադարը չի վերաբերելու միայն «Իսլամական պետությանը» «Ալ-Նուսրայի ճակատին» և Սիրիայում կռվող մյուս ահաբեկչական խմբավորումներին, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից կորակվեն այդպիսին:
Սիրիայի քրդերին «ահաբեկչական» ցանկանում է որակել մասնավորապես Թուրքիան` մտավախություն ունենալով, որ հրադադարը կնպաստի ներկայումս քրդերի հսկողության տակ գտնվող շրջաններում ինքնավար քրդական կազմավորման ձևավորմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային` Թուրքիային սահմանակից շրջաններում քրդերի առաջխաղացմանը թշնամաբար վերաբերվող Թուրքիան փետրվարի 13-14-ին և 15-16-ին հրետակոծել էր քրդերի դիրքերը։ Թուրքիայի նման քաղաքականությունը քննադատվել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սիրիայի կառավարության և այլ միջազգային պետությունների ու կառույցների կողմից:
One response to “Թուրքիայի վարչապետը հայտնում է, թե Սիրիայի հրադադարն իրենց չի կարող վերաբերել”