Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

Փետրվարի 13-ին և 14-ին Թուրքիայի զինված ուժերը մի քանի անգամ հրետանակոծել են Սիրիայի Հալեպ նահանգի` Թուրքիային սահմանակից շրջաններում քրդական YPG-ի դիրքերը, որը շարունակում էր առաջխաղացումը Թուրքիային սահամանակից Ազեզ խոշոր քաղաքը գրավելու համար: Այս մասին փետրվարի 13-ին և 14-ին հայտնել են թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ինչպես նաև թուրքական, սիրիական, քրդական և արտասահմանյան մի շարք այլ լրատվամիջոցներ:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

«Անադոլուն» փետրվարի 13-ին մասնավորապես նշում է, որ նույն օրը Սիրիայի քրդական YPG կառույցի ստորաբաժանումները կրակել են Թուրքիայի դիրքերի ուղղությամբ, ինչից հետո Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Ազեզի հարավային շրջաններում քրդական կառույցի դիրքերը:

Նշվում է, որ նույն օրը Սիրիայի կառավարական ուժերը կրակել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում թուրքական դիրքերին, ինչից հետո թուրքական զինուժը հրետակոծել է նաև Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը:

Փետրվարի 14-ին էլ «Անադոլուն» նշում է, որ թուրքական զինուժը թուրքական արտադրության T-155 Fırtına հաուբիցներով կրկին հրետակոծել է Ազեզի շրջանում քրդական զինուժի դիրքերը: Թուրքական աղբյուրը պնդում է իշխանական խողովակներով տարածվող այն տեսակետը, որ PYD-ն Թուրքիայի ահաբեկչական կառույց համարվող PKK-ի սիրիական թևն է , և որ թուրքական զինուժը հրետակոծել է «ահաբեկիչների» դիրքերը:

Փետրվարի 13-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս հայտնել էր, որ թուրքական զինուժը ընդամենը պատասխան կրակ է արձակել, սակայն իր խոսքում ընդգծել էր, որ քրդական ուժերը պետք է հետ քաշվեն Ազեզի շրջանից և հանձնեն օրեր առաջ գրաված «Մենագ» ռազմաբազան:

Սակայն պետք է նշել, որ նույն Ազեզ քաղաքում, որը ցանկանում են գրավել քրդական ուժերը, և ինչին այդքան խանգարում է Թուրքիան, ներկայում «Ալ-Նուսրայի Ճակատ» և նման զինյալ խմբավորումների հսկողության տակ է, իսկ վերջիններիս ակտիվորեն աջակցում են թուրքական իշխանությունները:

Նույն շրջանում տեղակայված են նաև «Սիրիայի թուրքմենները», որոնք ռազմական աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից և օգտագործվում են այդ շրջաններում Թուրքիայի հսկողությունը սահմանելու համար:

Թուրքիայի զինուժի գործողություններին փետրվարի 14-ին արձագանքել էր Սիրիայի արտգործնախարարությունը` նշելով, որ հրետանային կրակով թուրքական իշխանություններն աջակցում են Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին:

Սիրիայի ԱԳՆ-ն նոտա է ուղարկել ՄԱԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին և նշել, որ Սիրիայի քրդերի և կառավարական ուժերի դիրքերը հրետակոծելով՝ թուրքական զինուժի փորձում է խոչընդոտել Հալեպի հյուսիսային շրջանները գրոհայիններից ազատագրելուն և փաստացի օգնում է ահաբեկչական խմբավորումներին:

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ թուրքական զինուժը Ազեզի շրջանով մշտապես ռազմական օգնություն է տրամադրել այդ խմբավորումներին, իսկ փետրվարի 13-ին այդ շրջանից Սիրիայի տարածք են մտել մարտական փամփուշտներով, զենքերով բեռնված մեքենաներ, որոնց մեջ եղել են նաև շուրջ 100 զինյալներ: Նշված օգնությունը նախատեսված է եղել Ազեզում տեղակայված գրոհայինների դիրքերն ուժեղացնելու համար, իսկ այդ 100 զինյալները, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ են:

Փետրվարի 14-ին թուրքական կողմի գործողություններին արձագանքել էր նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն` կոչ անելով Թուրքիային դադարեցնել Սիրիայի քրդերի դիրքերի ռմբակոծությունները:

Փետրվարի 13-ին ԱՄՆ նախագահի` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարքը (Brett McGurk) ևս հայտարարել էր, որ Թուրքիան պետք է դադարեցնի Սիրիայի քրդերի դիրքերի հրետակոծումը: Սակայն ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը միևնույն ժամանակ քրդական YPG-ին զգուշացրել էր առաջ չգնալ և նոր դիրքեր չգրավել:

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

Քրդական PYD-ի ներկայացուցիչն իր հերթին փետրվարի 14-ին հայտնել էր, որ Թուրքիան իրավունք չունի խառնվել Սիրիայի ներքին գործերին և իրենցից պահանջել, որ չմոտենեն Ազեզին: Սիրիական կառույցի ղեկավարը նշել էր, որ եթե Թուրքիան կրկին ռազմական միջամտություն ցույց տա, ապա քրդական ուժերը պատասխան հարված կհասցնեն:

Քրդական ANF News լրատվական գործակալության փոխանցմամբ` YPG-ի ներկայացուցիչը փետրվարի 14-ին հերքել է թուրքական կողմի տարածած լուրն այն մասին, թե քրդական ուժերը կրակել են թուրքական գյուղի ուղղությամբ, ինչց հետո միայն թուրքական զինուժը հրետակոծել է քրդական զինուժի դիրքերը:

YPG ներկայացուցիչը նշել է, որ թուրքական զինուժը միակողմանիորեն կրակել է քրդական դիրքերին` փորձելով կասեցնել Ազեզի ուղղությամբ քրդերի առաջխաղացումը:

Ավելացնենք, որ վերջին օրերին քրդական ուժերը Սիրիայի` Թուրքիային սահմանակից Ազեզ քաղաքը գրավելու համար ռազմական գործողություններ են սկսել: Մասնավորապես Սիրիայի քրդական YPG-ի ստորաբաժանումները փետրվարի 9-10-ը զինյալներից գրավել էին Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց` Սիրիայի Ազեզ քաղաքի հարավում գտնվող «Մենագ» ռազմաբազան և հարակից գյուղերը:

Քրդական զինուժը գործողություններ էր սկսել նաև Ազեզ քաղաքը «Ալ-Նուսրայի Ճակատ» և նման ահաբեկչական խմբավորումների հսկողությունից գրավելու համար, ինչն առաջ էր բերել թուրքական իշխանությունների դժգոհությունը, քանի որ Ազեզը գրավելու պարագայում քրդական ուժերը կմեծացնեին Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում իրենց ազդեցությունը, իսկ Թուրքիայի օժանդակության տակ գտնվող զինյալ խմբավորումները վերջնականապես կկորցնեին իրենց կապը Թուրքիայի հետ:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

 

3 responses to “Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը

  1. Pingback: Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը. փետրվարի 15-16 | Ռազմ.info

  2. Pingback: Անկարայում պայթյունի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Սիրիայի քրդերին | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայի զինյալների մի մասը Թուրքիայով տեղափոխվել է Սիրիայի հյուսիս՝ քրդերին հակազդելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *