Փետրվարի 24-ին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցրել է Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը: Այս մասին Կոժինը հայտնել է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում:
Լրատվամիջոցի հարցեին, թե Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը դադարեցվե՞լ է ամբողջությամբ, Կոժինը պատասխանել է. «Մենք ունեինք պայմանագրեր, դրանք ներառում էին հրազենային զենքերի, հրետանային համակարգերի մատակարարումներ: Ներկայումս մատակարարումները դադարեցվել են, բոլոր պայմանագրերը չեղյալ են հայտարարվել, դադարեցվել են նաև սպասարկման ծառայությունները: Ներկայումս որևէ պայմանագիր կամ բանակցություն չկա: Դրանք չեն լինի այնքան ժամանակ, մինչև իրավիճակը չի փոխվի այնպես, ինչպես նշել է ՌԴ նախագահը»:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը, ինչը բերեց երկու երկրների հարաբերությունների սրմանը և անվտանգության հավելյալ միջոցառումների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցների սահմանմանը:
Նշված միջադեպից հետո Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնապես պահանջեց ներողություն խնդրել ինքնաթիռի խոցման համար, ինչը Թուրքիան մերժեց: Ավելի ուշ ռուսաստանյան կողմը նյութեր հրապարակեց Թուրքիայի` Սիրիայում կռվող ահաբեկիչներին օժանդակելու մասին և պահանջեց, որպեսզի Թուրքիան դադարեցնի այդ խմբովորումներին օժանդակությունը, վերջ տա ԻՊ-ի հետ համագործակցությանը և փակի թուրք-սիրիական սահմանի այն հատվածները, որտեղով ահաբեկիչները մուտք են գործում Սիրիա:
2016-ի փետրվարի սկզբին Թուրքիան Ռուսաստանին չթույլատրեց դիտորդական թռիչք կատարել իր երկրի օդային սահմաններում, ինչը նախատեսված էր երկու երկրների վավերացրած «Բաց երկնքի» միջազգային պայմանագրով, իսկ կողմերը նախապես համաձայնության էին եկել։
Pingback: Ռուսաստանը և Թուրքիան կարող են կապի միջանցք բացել զինծառայողների համար | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության. Պուտին | Ռազմ.info