Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը. փետրվարի 15-16

Փետրվարի 15-ին և 16-ին Թուրքիայի զինված ուժերը շարունակել են հրետակոծել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններում տեղակայված քրդական YPG-ի դիրքերը:

Reuters-ը հայտնում է, որ ռուսաստանյան պաշտոնյայից և ՄԱԿ-ից ստացած տեղեկություններով`  փետրվարի 16-ին, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի պահանջով քննարկելու է Սիրիայի քրդերի դիրքերին թուրքական զինուժի հրետակոծությունների խնդիրը:

Քրդերի առաջխաղացումը և Թուրքիայի հակաքայլերը

Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք հրետակոծելու են Սիրիայի քրդական դիրքերը` թույլ չտալով, որ վերջիններս անցնեն Հալեպի նահանգի հյուսիսարևմտյան` Թուրքիային սահմանակից Աֆրինի շրջանից դեպի արևելք, ինչպես նաև Եփրատ գետից դեպի արևմուտք:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի օդուժը գործողություններ է սկսելու Սիրիայի տարածքում, Թուրքիայի վարչապետն ըստ էության չի պատասխանել:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի հյուսիսում քրդերը զբաղեցնում են երկրի հյուսիսարևմտյան Աֆրինի շրջանը և Եփրատից արևելք ընկած տարածքները: Իսկ դրանց միջև ընկած տարածքները ԻՊ, «Ալ-Նուսրայի Ճակատ», «Ահրար աշ-Շամ» և նմանատիպ խմբավորումների հսկողության տակ են:

«Թույլ չտալ, որպեսզի քրդերն անցնեն Աֆրինից դեպի արևելք, կամ Եփրատից դեպի արևմուտք» նշանակում է քրդական ուժերին թույլ չտալ հսկողության հաստատել ներկայում նշված զինյալ խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքներում:

Այսպիսով, Թուրքիան փորձում է թույլ չտալ, որպեսզի Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ անցնի քրդերի հսկողության տակ` կտրելով Սիրիայի տարածքում գործող զինյալ խմբավորումների հետ Թուրքիայի կապը: Բացի այդ, Թուրքիան սպառնալիք է համարում սիրիական սահմանամերձ շրջաններում քրդական պետական կառույցի ձևավորումը:

Հրետակոծությունները փետրվարի 15-16-ին

Փետրվարի 16-ին թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրետակոծել քրդական YPG-ի դիրքերը` Ազեզի հարավային և Հալեպի հյուսիսային շրջաններում: Թուրքական հրետանին կրակում է հետախուզությունից և ԱԹՍ-ներից ստացված տվյալների հիման վրա:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ թուրքական զինուժը փետրվարի 15-ին ևս հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը: Աղբյուրը նշում էր, որ ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի` «թուրքական զինուժը ընդամենը պատասխանել է քրդական ուժերի կրակին»:

Սակայն ինչպես ցույց է տալիս Թուրքիայի վարչապետի  հայտարարությունը, Թուրքիան իրականում փորձում է քրդական զինուժը հեռացնել Ազեզի շրջանից:

Քրդական ANF News գործակալությունն իր հերթին փետրվարի 15-ին հայտնել էր, որ թուրքական հրետանու գործողությունների հետևանքով Ազեզի և Աֆրինի շրջաններում 2 երեխա է սպանվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Միջազգային արձագանքը

Փետրվարի 13-ին ԱՄՆ նախագահի` ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայում հատուկ ներկայացուցիչը, իսկ փետրվարի 14-ին` Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Թուրքիային կոչ էին արել դադարեցնել Սիրիայի քրդերի դիրքերի հրետակոծումը:

Սիրիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել էր, որ որ հրետանային կրակով Թուրքիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին: Սիրիական կողմը նաև հայտարարել է, որ փետրվարի 13-ին այդ շրջանից իրենց տարածք են մտել մարտական փամփուշտներով, զենքերով բեռնված մեքենաներ, որոնց մեջ եղել են նաև շուրջ 100 զինյալներ, որոնք, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ են:

Նշված տեղեկություններին և նախորդ օրերին Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի գործողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Ավելացնենք, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում քրդական ուժերը Սիրիայի` Թուրքիային սահմանակից Ազեզ քաղաքը գրավելու համար ռազմական գործողություններ են սկսել: Մասնավորապես Սիրիայի քրդական YPG-ի ստորաբաժանումները փետրվարի 9-10-ը զինյալներից գրավել էին Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց` Սիրիայի Ազեզ քաղաքի հարավում գտնվող «Մենագ» ռազմաբազան և հարակից գյուղերը:

Իսկ ներկայումս փորձում են հսկողություն հաստատել Հալեպ-Ազեզ ճանապարհին ռազմավարական դիրք զբաղեցնող Թել-Ռիֆադ քաղաքի նկատմամբ: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության` փետրվարի 16-ին հաղորդած տվյալների համաձայն` քրդական ուժերին հաջողվել է հսկողություն սահմանել քաղաքի մի մասի վրա:

3 responses to “Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը. փետրվարի 15-16

  1. Pingback: Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Թել-Ռիֆադ քաղաքում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան նոր տանկեր և հրետանի է կուտակում Սիրիայի սահմանին`Ազեզի դիմաց | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայի զինյալների մի մասը Թուրքիայով տեղափոխվել է Սիրիայի հյուսիս՝ քրդերին հակազդելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *