Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են հասել Սիրիայում հրադադար հաստատելու հարցում

Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնության են հասել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, ինչի համար մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեն հրադադարին իրենց մասնակցությունը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականները համատեղ կքարտեզագրեն հրադադարին համաձայն խմբավորումների տարածքները և Սիրիայի կառավարական բանակը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ու Ռուսաստանը կդադարեցնեն վերջիններիս դեմ ռազմական գործողությունները:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Ապստամբ խմբավորումներն իրենց հերթին պետք է դադարեցնեն Սիրիայի կառավարական ուժերի և վերջինիս օժանդակող խմբավորումների դեմ ռազմական գործողությունները:

Հրադադարի համաձայնագիրը չի տարածվելու «Իսլամական պետության» «Ալ-Նուսրայի ճակատի», ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ «ահաբեկչական» ճանաչվող բոլոր խմբավորումների նկատմամբ: Վերջիններիս դիրքերին ավիահարվածները, ռազմական գործողությունները կշարունակվեն նաև հրադադարի հաստատումից հետո:

Ռուսաստանը և ԱՄՆ-ը` որպես «Սիրիայի օժանդակության միջազգային խմբի» համանախագահներ, պատրաստ են հաստատել հրադադարի իրականացման և վերահսկման մեխանիզմ, որին կներգրավվեն Սիրիայի կառավարական ուժերը և զինյալ ապստամբ խմբավորումները:

Դրա համար, անհրաժեշտության դեպքում, կստեղծվի ինֆորմացիայի փոխանակման աշխատանքային խումբ: Ռուսաստանը անհրաժեշտ աշխատանքեր կիրականացնի Սիրիայի օրինական ղեկավարության հետ, իսկ ԱՄՆ-ը պետք է աշխատանք  տանի իր դաշնակից խմբավորումների հետ:

Համաձայնությունն ուղղված է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին գործունեությունը կասեցնելու, ինչպես նաև ապստամբ խմբավորումների և Սիրիայի կառավարության անհամաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն:

Փետրվարի 23-ին Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայն է հրադադարի հաստատման պայմաններին: Կառավարության որոշումը փոխանցել է Սիրիայի արտգործնախարարությունը:

Սակայն Reuters-ի փոխանցմամբ` Սիրիայում կռվող ապստամբ խմբավորումներից մեկի հրամանատարը հայտնել է, որ որոշ շրջաններում հստակ չեն «Ալ-Նուսրայի» և ապստամբական խմբավորումների հսկողության գոտիները, ինչի պատճառով հրադադարի հաստատումից հետո Սիրիայի կառավարական ուժերը կարող են ահաբեկչական խմբավորումների հետ ռմբակոծել նաև ապստամբների դիրքերը, իսկ դա կբերի հրադադարի փլուզման: Ապստամբ խմբավորման ղեկավարը անհնար է համարել նման պայմաններով հրադադարի հաստատումը:

Այս հայտարարությունից առաջ՝ փետրվարի 12-ին, Սիրիայի հարցով միջազգային բանակցային խումբը, որի մեջ մտնում են 17 պետություն և 3 միջազգային կազմակերպություն, համաձայնության էր եկել, որ ՄԱԿ հովանու ներքո կստեղծվի աշխատանքային խումբ՝ ի դեմս ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների, որն էլ կզբաղվի հրադադարի պայմանների մշակմամբ: Միակ հարցը, որով կողմերը համաձայնության չէին եկել, ահաբեկչական համարվող խմբավորումների ցանկն էր, որին հրադադարը չէր վերաբերվելու:

Խնդիրն այն է, որ բանակցություններին մասնակցող կողմերի համար ահաբեկչական կազմակերպությունները տարբեր են (ինչպես օրինակ Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական խմբերը Թուրքիայի համար ահաբեկչական են, մինչդեռ ԱՄՆ-ն համագործակցում է նրանց հետ): Փաստացի որոշվել է այս հարցը հետաձգել՝ տեղափոխելով ՄԱԿ ԱԽ քննարկման դաշտ:

 

5 responses to “Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են հասել Սիրիայում հրադադար հաստատելու հարցում

  1. Pingback: Թուրքիայի վարչապետը հայտնում է, թե Սիրիայի հրադադարն իրենց չի կարող վերաբերել | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների դեմ կպայքարեն համատեղ | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանի նախագահը հանձնարարել է Սիրիայից դուրս բերել ՌԴ ԶՈւ հիմնական ուժերը | Ռազմ.info

  4. Pingback: Պայմանավորված առաջին օրվա ընթացքում Սիրիայում հրադադարը պահպանվել է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *