ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 29-ին հայտարարել է, որ ռուսաստանյան գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում որոշվել է կոորդիացնել երկու երկրների գործողությունները Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում` ստեղծելով գործողությունների համատեղ վարման համակարգ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:
Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների պայմանավորվածությունը ենթադրում է երաշխավորել Սիրիայում բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: Երկու երկրները պարտավորվել են պահպանել Սիրիայում հաստատված հրադադարի կանոնները:
ԱՄՆ պետքարտուղարը առանձնացրել է մասնավորապես «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրայի ճակատի» դեմ համատեղ ռազմական գործողությունների ծավալումը: Նա նշել է, որ երկու երկրները իրապես անհանգստացած են Սիրիայի հրադադրի խախտման դեպքերով, սակայն այդ հարցերը դեռևս չեն հանրայնացնելու` փորձելով սեփական ռեսուրսներով և ներքին քննարկումներով բացահայտել ու կանխել ցանկացած խախտման դեպք:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնության են հասել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, ինչի համար մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեին հրադադարին իրենց մասնակցությունը:
Փետրվարի 27-ից Սիրիայում նշված պայմաններով արդեն հաստատվել է հրադադար, սակայն այն պարբերաբար խախտվում է, ինչի համար որոշ խմբավորումներ մեղադրում են Սիրիայի կառավարությանը և Ռուսաստանին, իսկ վերջիններս` այդ խմբավորումներին և Թուրքիային:
Փետրվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիայում հաստատվող հրադադարը վերաբերում է միայն այդ երկրի ներսում կռվողներին, և եթե «Թուրքիայի անվտանգությանը ինչ-որ բան սպառնա, ապա հրադադարը չի վերաբերի իրենց»:
Փետրվարի 28-ին ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է հրետանային կրակով խախտել Սիրիայի հրադադարը:
Տեսանյութը ներկայացնում է Քերիի խոսքն ամբողջությամբ