Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է մարտի 15-ից սկսել Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումները հիմնական մասի դուրսբերումը` նշելով, որ ռուսաստանյան զինուժը Սիրիայում ավարտել է իր առջև դրված հիմնական առաքելությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը:
Լրացում. Մարտի 14-ին ՌԴ նախագահի կայքը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի` Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ հայտարարության կատարումը:
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, և ավիախմբի հիմնական մասը դուրս է բերվելու Սիրիայի տարածքից: Սակայն հրադադարի պահպանման վերահսկման համար Ռուսաստանը կշարունակի ապահովել սիրիական ավիացիայի թռիչքները:
Պուտինն ընդգծել է, որ ռուսաստանյան զորախմբի սպաները, զինծառայողները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները` Ռուսաստանի հետ ցամաքային որևէ սահման չունեցող երկրի տարածքում, և ստեղծել են սիրիական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար բավարար պայմաններ:
Պուտինն ավելացրել է, որ ռուսաստանյան զորախմբի հիմնական մասի դուրսբերումից հետո Սիրիայի «Տարտուսում» տեղակայված ռուսաստանյան ռազմածովային բազան, ինչպես նաև «Հմեյմիմ» ավիաբազան շարունակելու են նախկին կարգով աշխատել և պաշտպանվել ցանկացած տեսակի օդային, ցամաքային և ծովային հարձակումներից: Ռուսաստանյան ստորաբաժանումների մի մասն էլ մնալու են Սիրիայի տարածքում` հրադադարի պահպանմանը հետևելու համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ռուսաստանյան զորախմբի դուրսբերման մասին ռուսաստանյան կողմը նախապես տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ համաձայնության են հասել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադար հաստատելու հարցում, ինչի համար մինչև փետրվարի 26-ի կեսօր Սիրիայում կռվող բոլոր կողմերը պետք է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հայտնեին հրադադարին իրենց մասնակցությունը:
Փետրվարի 27-ից Սիրիայում նշված պայմաններով արդեն հաստատվել էր հրադադար, սակայն այն պարբերաբար խախտվում է, ինչի համար որոշ խմբավորումներ մեղադրում են Սիրիայի կառավարությանը և Ռուսաստանին, իսկ վերջիններս` այդ խմբավորումներին և Թուրքիային:
Հավելենք, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ 2015-ի սեպտեմբերի 30-ից կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր:
Pingback: Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան | Ռազմ.info