Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան

Մարտի 15-ին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի առաջին ինքնաթիռների խումբը, այդ թվում` Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Տու-154 և Իլ-76 ուղևորատար, բեռնափոխադրող ինքնաթիռների առաջնորդությամբ դուրս են եկել Սիրիայի տարածքից և վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր՝ Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանյան «Ռոսսիա 24» հեռուսաընկերությունն իր հերթին տեսանյութ է հրապարակել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից` նշելով, որ արդեն երկու ավիախումբ է դուրս եկել ավիաբազայից, իսկ Սու-25 գրոհիչների խումբը նկարահանման պահին պատրաստվում է թռիչքի: Դատելով լրագրողի մեկնաբանությունից` առաջին երկու ավիախմբերը արդեն պետք է լինեն Ռուսաստանի տարածքում:

Տու-154 և Իլ-76 ինքնաթիռներով տեղափոխվել են ինքնաթիռների ինժեներատեխնիկական անձնակազմը, տեխնիկան ու սպառազինությունը: Սու-34 կործանիչների հետ տեղափոխվել են նաև այլ ռազմական ինքնաթիռներ, սակայն վերջիններիս մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում:

Ռուսաստանի օդային տարածք հասնելուն պես` ինքնաթիռները առանձին խմբերով գնալու են իրենց մշտական տեղակայման վայրեր: Անհրաժեշտության դեպքում ճանապարհին կարող են վայրէջք կատարել նաև այլ երկրների օդանավակայաններում, ավիաբազաներում` լիցքավորվելու և տեխնիկական սպասարկման համար:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահի հետ զրույցում հայտնել էր, որ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, և ավիախմբի հիմնական մասը մարտի 15-ից դուրս է բերվելու Սիրիայի տարածքից:

Սակայն հրադադարի պահպանման վերահսկման համար Ռուսաստանը կշարունակի ապահովել սիրիական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև այդ երկրի տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող «Տարտուսի» ռազմածովային և «Հմեյմիմ» ավիաբազաները շարունակելու են գործել նախկինի նման, պահպանվելու է նախկինում սահմանված զորաքանակը և տեխնիկան:

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Հիշեցնենք, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված էին ռուսաստանյան օդատիեզերական ուժերի Սու-25ՍՄ գրոհիչներ, Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչներ, Սու-27ՍՄ և Սու-30ՍՄ կործանիչներ, Մի-24 հարվածային, ինչպես նաև Մի-8 բեռնատար բազմանպատակային ուղղաթիռներ:

2015-ի դեկտեմբերին Սիրիայում ՌԴ զինուժի գործողություններն ամփոփելիս նշվում էր, որ Սիրիայում ՌԴ ԶՈւ օդուժի 4201 մարտական թռիչքներից 145-ն իրականացվել է ռազմավարական (հեռահար) հրթիռակիր և ռմբակոծիչ ինքնաթիռներով (հեռահար ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները և Տու-22Մ3 «հեռավոր» ռմբակոծիչները):

Սիրիայի «Հմեյմիմ» ավաիաբազայի ռուսաստանյան ավիախումբի հիմնական մասը վերադառնում է Ռուսաստան

Սիրիայի «Հմեյմիմ» ավաիաբազայի ռուսաստանյան ավիախումբի հիմնական մասը վերադառնում է Ռուսաստան

3 responses to “Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը Սիրիայում Տու-214Ռ հետախուզական ինքնաթիռներ է կիրառել | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը քննարկում է Սիրիայում ավիախումբ տեղակայելու համաձայնագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *