Միջազգային բանակցային խումբը, որի կազմում են 20 պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այս գիշեր՝ փետրվարի 12-ին, Մյունխենում բանակցությունների ընթացքում համաձայնության է եկել Սիրիայում հրադադար հաստատել մեկ շաբաթից, իսկ մարտական գործողությունների շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել անմիջապես:
![[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն](https://razm.info/wp-content/uploads/2016/02/Lavrov-Kerry-Mistura-480x285.jpg)
[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն. Լուսանկարը՝ Reuters գործակալության
Բանակցային միջազգային խմբին ներգրավված են եղել 17 պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իտալիա, Հորդանան, Քաթար, Լիբանան, Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրաք, Իրան) և 3 միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ, Արաբական պետությունների լիգա) ներկայացուցիչներ:
Ուշադրություն դարձնենք, որ բանակցություններին ներգրավված չեն Սիրիայի կառավարության և «ընդդիմության» (զինված խմբավորումների) ներկայացուցիչներ: Այս պարագայում բանակցություններում որոշվել է, որ հրադադարը հաստատելու համար Ռուսաստանը և Իրանը ճնշում են գործադրելու Սիրիայի կառավարության (նախագահ Բաշար Ասադի իշխանության) վրա: Նույն նպատակով ճնշում է գործադրվելու նաև Ասադի իշխանության դեմ կռվող զինյալ խմբավորումների վրա:
Ժնևում Սիրիայի կառավարության և զինյալների միջև հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել որքան հնարավոր է շուտ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Պայմանավորվածության համաձայն՝ հրադադարի պայմանները չեն ազդելու միայն «Իսլամական պետություն» և «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև Սիրիայում գործող այն կազմակերպությունների վրա, որոնց ՄԱԿ անվտանգության խորհուրդը կճանաչի ահաբեկչական: Վերջին կետը, ըստ էության, միակն է, որի շուրջ բանակցող կողմերն այդպես էլ համաձայնության չեն հասել, այն է՝ հստակեցնել ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Խնդիրն այն է, որ բանակցություններին մասնակցող կողմերի համար ահաբեկչական կազմակերպությունները տարբեր են (ինչպես օրինակ Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական խմբերը Թուրքիայի համար ահաբեկչական են, մինչդեռ ԱՄՆ-ն համագործակցում է նրանց հետ): Փաստացի որոշվել է այս հարցը հետաձգել՝ տեղափոխելով ՄԱԿ ԱԽ քննարկման դաշտ:
Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններից մեկն էլ վերաբերում է Սիրիայի մարտական գործողությունների տարածքում հայտնված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն: Որոշվել է օգնություն հասցնել Սիրիայի ամբողջ բնակչությանը և այդ աշխատանքը սկսել անհապաղ:
Ընդհանուր առմամբ, բանակցային խմբի պայմանավորվածություններն իրականացնելու համար կողմերը որոշել են ՄԱԿ հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչներ՝ ինչպես դիվանագետներ, այնպես էլ զինվորականներ:
Ավելացնենք, որ մարտին կլրանա Սիրիայում մարտական գործողությունների 5 տարին: Այս ընթացքում այդ գործողությունների պատճառով զոհվել է շուրջ 250 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել:
Pingback: Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնության են հասել Սիրիայում հրադադար հաստատելու հարցում | Ռազմ.info