Փետրվարի 28-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկջոկատայինները, լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկները և մի շարք այլ կառավարամետ ուժեր կարողացել են «Իսլամական պետության» գրոհայիններին դուրս մղել Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի շրջակա բնակավայրերից և մեկշաբաթյա մարտերից հետո վերականգնել Հալեպ տանող ճանապարհի վերահսկողությունը: Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը` նշելով, որ կառավարական ուժերը ներկայումս շարունակում են առաջխաղացումը դեպի ԻՊ-ի կողմից «մայրաքաղաք» հռչակված Ռաքքա:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերը բազմաթիվ կորուստների գնով են միայն կարողացել վերականգնել Հալեպի հետ կապը, ինչը փետրվարի 21-ին կորցրել էին անզգուշության և անպատրաստ լինելու պատճառով: Սակայն ներակայումս այդ ուժերը մարտեր են վարում Սալամիյա-Ռաքքա ավտոմայրուղու վրա հսկողություն հաստատելու համար:
Փետրվարի 28-ին Խանասեր-Հալեպ ավտոմայրուղին ազատագրելուց հետո կառավարական ուժերը ԻՊ-ին կարողացել են դուրս մղել նաև Շեյխ Հիլալ-Իսրիյահ ավտոմայրուղու շրջակա բնակավայրերից, ինչի շնորհիվ Համայից Հալեպ տանող ճանապարհն ամբողջությամբ անցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական ուժերի հսկողության տակ:
Չնայած ավտոմայրուղու վերահսկողությունը վերականգնելը բավականին լավ լուր է Ասադի ուժերի համար, սակայն այն ազատագրելու համար վերջիններս հսկայական ուժեր էին հետ քաշել Հալեպի, Համայի և Ռաքքայի շրջաններից և ստիպված են նորից այդ ուղղություններով վերսկսել առաջխաղացումը` մինչ այդ փորձելով ԻՊ-ին հետ մղել Համայի և Հոմսի շրջանում գրաված տարածքներից:
Ներկայումս ԻՊ-ն ուժեր է կենտրոնացնում դեպի Ռաքքա տանող ճանապարհին ռազմավարական դիրք գրավող Տաբկայի ռազմաբազայում, որը 2014-ից այդ խմբավորման վերահսկողության տակ է: Սիրիայի կառավարական ուժերը 2014-ից ի վեր առաջին անգամ պատրաստվում են մարտեր վարել այդ ուղղությամբ վերահսկողություն հաստատելու և, նպաստավոր իրադրության դեպքում, Ռաքքայի հարձակումը սկսելու համար:
Հիշեցնենք, որ Փետրվարի 21-ին Սիրիայի հակակառավարական խմբավորումներից մեկը հանկարծակի գրոհով վերցրել է կառավարական ուժերը Հալեպին կապող միակ ճանապարհի վրա տեղակայված գյուղերից մեկը՝ կտրելով Հալեպի և այլ վայրերի կառավարական ուժերի միջև կապը: Փետրվարի 22–25-ին կառավարական ուժերը փորձել են վերադարձնել ճանապարհի ամբողջական վերահսկողությունը:
Ավելացնենք, որ փետրվարի 27-ին՝ տեղի ժամանակով 00։00 ժամին (Երևան՝ 02։00) ուժի մեջ է մտել Սիրիայում կռվող բոլոր ոչ ահաբեկչական խմբավորումների միջև հրադադարը, որի մասին շաբաթվա սկզբին համաձայնության էին հասելՍիրիայի հրադադարի հարցով աշխատանքային խմբի համանախագահները` ԱՄՆ-ն և ՌԴ-ն։ Սակայն հրադադարը չի վերաբերում ԻՊ-ին և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների, որոնց մասին պետք է ՄԱԿ-ը որոշում կայացնի: