Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ռազմաօդային ուժերին հանձնել է ցամաքային տեղակայման «Կորալ» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ: Համալիրը բաղկացած է երկու մեքենաների վրա տեղադրված համակարգերից, որոնք իրականացնում են տարբեր ֆունկցիաներ` փոխլրացնելով միմյանց: Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է «Ասելսան» ընկերության կայքը:
«Կորալ» ՌԷՊ համալիրի հիմնական խնդիրը հզոր ռադիոէլեկտրոնային խանգարումների (ռուս. радиоэлектронные помехи) գեներացման միջոցով հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) ճնշումն է:
Համալիրը բաղկացած է երկու տարբեր համակարգերից, որոնք տեղակայվում են գերմանական արտադրության MAN KAT բեռնատարների ընթացամասի վրա: Համակարգերն ունեն մոդուլային կառուցվածք և նախատեսված են տարբեր առաջադրանքների համար:
Համալիրի առաջին բաղկացուցիչ համակարգն անվանվում է «Էլեկտրոնային օժանդակման համակարգ»: Այն նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության համար: Ուսումնասիրում է հակառակորդի համակարգերի ռադիոալիքները և անհրաժեշտության դեպքում երկրորդ մեքենային ուղարկում հակառակորդի ՌԷՄ համակարգերից արձակվող ալիքները ճնշելու հրահանգ:
Երկրորդ բաղկացուցիչը՝ «Էլեկտրոնային հարձակման համակարգը», առաջինից ստացած տվյալների հիման վրա գեներացնում է համապատասխան հզորության ալիքներ՝ ստեղծելով ռադիոլեկտրոնային խանգարումներ և խոչընդոտելով հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը:
Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի նոյեմբերի 30-ին` Սիրիայում ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգեր տեղակայելուց հետո թուրքական «Միլլիյեթ» պարբերականը հայտնեց, որ թուրքական զինուժը Սիրիայի հետ սահմանին տեղակայել է «Ասելսանի» արտադրության «Կորալ» ՌԷՊ համալիր, որն ունակ է «կուրացնել» Ս-400 ՀՕՊ կայանքները` զրկելով դրանց աշխատելու հնարավորությունից:
Դեկտեմբերի 2-ին ռուսաստանյան «Վեստի» լրատվակայքին հարցազրույցում Ռուսաստանի «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաների» կոնցերնի տնօրենը հայտնել էր, որ նման համալիրներով Ս-400-ները «կուրացնելը» ոչ արդյունավետ է և դժվար, քանի որ ցամաքային տեղակայման կայանների շարժունակությունը շատ փոքր է: Նա նշել էր, որ նման գործողությունների համար անհրաժեշտ է ունենալ նմանատիպ օդային կայանքներ:
Միևնույն ժամանակ ռուսաստանյան ընկերության ներկայցուցիչը հայտնել էր, որ «Ասելսանի» համալիրները կարող են բավականին արդյունավետ լինել ռադիոհետախուզության համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info