Փետրվարի 23-ին Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում մեկնարկել է ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դասընթացին, որն անցկացվում է Բակուրիանիում, մասնակցում է 28 զինծառայող Հայաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Լիտվայից, Լատվիայից։
Զինծառայողները ձնային պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներ են անելու, ձնահյուսքի տակ մնացած մարդկանց տարհանելու են պատգարակներով, ինչպես նաև ձյան պայմաններում ժամանակավոր կացարան են սարքելու գիշերելու համար։
Դասընթացը վարում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հրահանգիչները։ Վարժանքները բարեհաջող անցած զինծառայողները դասընթացի ավարտին կստանան կրծքանշաններ, վկայականներ և երաշխավորագիր, որը հնարավորություն է տալիս մասնակցել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի միջանկյալ վերապատրաստումներին։
Ձմեռային հիմնական դասընթացն ավարտվելու է մարտի 11-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին էլ ավարտվել էր Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցել էին նաև Հայաստանի ԶՈւ 2 զինծառայող։