Հայաստանում մեկնարկել են 102-րդ ռազմաբազայի տանկիստների «դուելները»

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում սկսել են «տանկային դուելներով» պարապմունքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

Վարժանքների պայմաններով՝ տանկերից մեկը քողարկվում է դարանում, իսկ մյուսը փնտրում է նրան: Միմյանց հայտնաբերելուց հետո տանկերը պիտի առավելագույն խոցումներ հասցնեն իրար ուսումնական (ոչ մարտական) զինամթերքով:

Սա տանկիստներին թույլ է տալիս կրակային և մարտավարական վարժանքներն անցկացնել մարտականին մոտ իրավիճակում՝ թաքնվելով և «հակառակորդի» տանկը փնտրելով:

Տ-72Բ տանկերով վարժանքներին մասնակցելու է ռազմաբազայի մոտ 100 զինծառայող: Ընթացքում զինծառայողները հանձնելու են նաև կրակային, մարտավարական և հատուկ պատրաստության նորմատիվներ:

Նշվում է, որ վարժանքներով տանկիստները պատրաստվում են նաև Ռուսաստանում անցկացվելիք Տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին:

Պետք է նշել, որ ռուսաստանյան բանակում և մասնավորապես Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներում մարտական պատրաստության գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով հաճախ են պարապմունքներն անցկացնում  մրցույթների ձևաչափով:

Տանկային դուելները ռազմաբազայում անցկացվում են դեռևս 2014-ից, իսկ 2015-ին այնտեղ անցկացվում են նաև դիպուկահարների դուելներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *