Սաուդյան Արաբիայի ԶՈւ կործանիչները տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիքում»

Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կործանիչները «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 25-ից սկսել են տեղակայվել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Նա նշել է, որ Սաուդյան զինված ուժերի ինքնաթիռները և անձնակազմը դեռևս շարունակում են գալ «Ինջիրլիք»:

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչներ

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչներ

Երեկ` փետրվարի 25-ին, թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը հայտնել էր, որ նույն օրը Ինջիրլիքում տեղակայվել են սաուդական C-130 բեռնատար ինքնաթիռներ և անձնակազմի մի մասը: Փետրվարի 26-ին պետք է «Ինջիրլիքում» տեղակայվեն սաուդյան 4 միավոր F-15 կործանիչներ: Նշվում է, որ մինչ «Ինջիրլիքում» տեղակայվելը սաուդյան ինքնաթիռները մասնակցել են Քոնիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի վարժանքներին:

Փետրվարի 26-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր F-15E կործանիչներն արդեն տեղակայվել են Ինջիրլիքում:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդականն «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել էր, որ իրենք արդեն ռազմական ինքնաթիռներ են տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում` Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Սակայն թուրքական կողմը չէր հաստատել այդ տեղեկությունը` նշելով, որ սաուդյան ինքնաթիռները «տեղակայվելու են» Ինջիրլիքում:

Փետրվարի 16-ին ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Փիթեր Կուկը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան արդեն մի քանի օր է, ինչ անդամակցում է ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ գործող կոալիցիային, և անցած հանգստյան օրերին այդ երկրի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ռմբակոծել են Սիրիայում ԻՊ դիրքերը, սակայն չէր նշել, թե սաուդյան ինքնաթիռները որ երկրի տարածքից են օդ բարձրացել:

Ավելացնենք, որ փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Թուրքիան դեռևս որևէ քայլ չի արել Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու համար և նման ծրագրեր չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *