Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում • Ուսումնական տագնապ է հայտարարվել ՀՀ ՊՆ-ում • ՊԲ շտաբում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ • Հայաստանցի զինծառայողները վերապատրաստվում են Վրաստանում • Մոնթեականները հաղթել են միջազգային մրցույթում • Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ • ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2015թ. աշխատանքները • Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին • Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին (արխիվ)

• Փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելուն: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկման, կադրերի պատրաստման և այլ ոլորտներում:

• ՀՀ ԶՈւ ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Վարժանքի նպատակն է եղել ստուգել զինծառայողների և քաղծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը։

Ուսումնական տագնապի ազդանշանով զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր

Ուսումնական տագնապի ազդանշանով զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր

• Փետրվարի 22-ին Պաշտպանության բանակում քննարկվել են նոր ուսումնական փուլի մեկնարկի արդյունքները։ Այնուհետ՝ փետրվարի 22-23-ին, ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զարգացումների վերաբերյալ զեկուցել են բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը։

• Փետրվարի 23-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։

• ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը փետրվարի 12-21-ին Ռուսաստանում անցկացված «Պատանի հայրենասերներ» հավաքին տարբեր պետությունների 42 թիմերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը: Վարժարանի սաներին փետրվարի 25-ին ընդունել և պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարը։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին

• Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ծանոթացել է կատարված շինարարական աշխատանքներին և հորդորել ամրապնդել ռազմարդյունաբերական պետական կոմիտեի, ձեռնարկությունների և տնտեսության այլ ճյուղերի կապը:

• Փետրվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2015թ. աշխատանքները։ Արձանագրվել է, որ 2015թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վարույթում քննվել է 4633 քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահը ԶՔԳՎ-ին հանձնարարել է պարբերաբար վերլուծել զինված ուժերում հանցավորությանը նպաստող պայմանները և եռամսյակը մեկ հաղորդում ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին։

• Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:

• Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները սկսել են «տանկային դուելներով» պարապմունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *