Թուրքական «Ասելսանը» Սաուդյան Արաբիայում համատեղ ընկերություն է հիմնում

Թուրքական  «Ասելսանը» և Սաուդյան Արաբիայի պաշտպանական և անվտանգության տեխնոլոգիաների TAQNIA ընկերությունը ստորագրել են Սաուդյան Արաբիայի տարածքում էլեկտրոնիկայի արտադրության համատեղ ընկերություն հիմնելու համաձայնագիր: Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է թուրքական TRT հեռուսառադիոընկերության կայքը:

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

Հավասար բաժնեմասով հիմնվող ՍՊԸ-ն զբաղվելու է ռադարների, ռազմական էլեկտրոնիկայի և էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաների նախագծմամբ, արդիականցմամբ և արտադրությամբ:

Թուրք-սաուդական համատեղ  ընկերություն հիմնելու նախահամաձայնագիր ստորագրվել էր դեռևս 2015-ի նոյեմբերին:

Իսկ դեռևս 2015-ի հուլիսին թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը համագործակցության հուշագրեր էր ստորագրել սաուդյան ընկերությունների հետ: Նշվում էր, որ հուշագրերը նպատակ ունեն հետագայում զարգացնել նաև «Ասելսանի» համագործակցությունը սաուդյան այլ պետական ռազմարդյունաբերական կազմակերպությունների հետ։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի դեկտեմբերին Հորդանանի զինուժը և հորդանանյան պետական KADDB (King Abdullah II Design and Development Bureau) բյուրոյի ներդրումային խումբը թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության հետ հիմնել էին «Մերձավոր Արևելքի Ասելսան» ռազմարդյունաբերական  ընկերությունը:  Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է KADDB բյուրոյին, իսկ 49 տոկոսը՝ թուրքական «Ասելսանին»։

Ավելացնենք, որ վերջին տարիներին Թուրքիան ցանկանում է զարգացնել իր համագործակցությունը արաբական պետությունների հետ ռազմարդյունաբերական ոլորտում՝ փորձելով մեծացնել իր շուկան, ինչպես նաև ազդեցությունը այդ երկրների վրա։

Մասնավորապես այդ գործում զգալի չափով ներգրավվել է հենց «Ասելսան» ընկերությունը, որն իր կապիտալով և արտադրանքով խոշորագույնն է Թուրքիայում։ Ընկերությունը մշակում և արտադրում է ժամանակակից էլեկտրոնային համակարգեր Թուրքիայի և արտերկրի ռազմական շուկաների համար:

2011-ին հիմնադրված սաուդական TAQNIA ընկերությունը զբաղվում է հեռահաղորդակցության և կապի միջոցների արտադրությամբ: Այն, ինչպես նաև սաուդական մյուս ընկերությունները, գտնվում են Սաուդյան Արաբիայի «Աբդուլազիզ արքայի գիտության և տեխնոլոգիայի կենտրոնի» (KACST) կազմում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *