Թուրքիան կարող է գնել արևմտյան արտադրության միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր

Չինաստանից ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու բանակցությունները վերջնականապես դադարեցնելուց հետո Թուրքիան հայտարարեց, որ ցանկանում է արտադրել սեփական համակարգերը, սակայն ներկայումս քննարկվում է Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու տարբերակը, քանի որ սեփական համակարգի արտադրությունը լավագույն դեպքում հնարավոր է սկսել միայն տասը տարի հետո: Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը` փոխանցելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պաշտոնյաներից մեկից ստացած տեղեկությունը:

Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգ, Գերմանիայի ԶՈւ

Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգ, Գերմանիայի ԶՈւ

Չինաստանի հետ բանակցությունները դադարեցնելուց և միջին ու մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու ծրագիրը չեղյալ հայտարարելուց հետո, քննարկվում էր թուրքական «Ասելսան» և «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման համակարգեր գնելու պայմանագրի ստորագրումը, սակայն բանակցությունները ցույց են տվել, որ թուրքական ընկերությունները լավագունը 10 տարի և ավել ժամանակահատվածում միայն հնարավորություն կունենան նմանատիպ համակարգեր նախագծել և արտադրել:

Թուրքիայի ՊԱԳՎ ներկայացուցիչը նշել է, որ 10 տարի և ավել ժամանակը Թուրքիային չի բավարարում, քանի որ այն ներկայումս անվտանգության խնդիրներ ունի, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանին: Այդ իսկ պատճառով դեռևս ոչ պաշտոնական բանակցություններ են տարվել գերմանական կողմի հետ`  MEADS համակարգեր ձեռք բերելու համար: Նա ընդգծել է, որ բանակցությունների հաջող ելքի պարագայում կարող է քննարկվել մինչև 4 նման համակարգ ձեռք բերելու հարցը:

Ավելացնենք, որ MEADS համակարգերը նախագծվում էին ՆԱՏՕ-ի զինուժում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինելու նպատակով, սակայն 2014-ից սերիական արտադրությունը սկսած համակարգերին առայժմ նախապատվություն տվել է միայն Գերմանիան, իսկ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ գերադասել են Patriot-ներ գնել:

MEADS ՀՕՊ համակարգերի ՄՏԲ
Թիրախի խոցման հեռահարությունը`
«բալիստիկ հրթիռ»
«ինքնաթիռ,կառավարվող հրթիռ»
3-35 կմ
3-100 կմ
Թիրախի խոցման առավելագույն բարձրությունը`  25 կմ

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 15-ին Թուրքիան դադարեցրեց մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկեց 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։

Մի քանի օր անց Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) սեփական արտադրություն է սկսելու: Սակայն թուրքական ընկերությունները չունեն նման հեռահարության համակարգեր արտադրելու փորձ, իսկ հնարավոր հաջող ելքը բավականին կուշանա:

Հավելենք, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: Ռազմ.ինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։

2 responses to “Թուրքիան կարող է գնել արևմտյան արտադրության միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր

  1. Pingback: Թուրքիան բանակցում է ամերիկյան ՀՕՊ համակարգեր գնելու համար | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել Թուրքիայի հետ. Պուտին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *