Կասպյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Իգոր Օսիպովը հայտարարել է, որ ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմի ռազմանավերը 2016-ի երկրորդ կեսին կայցելեն Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի նավահանգիստներ:

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմ
Բացի այդ ռազմանավերը մասնակցելու են Բաքվում կազմակերպվելիք ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության՝ այցելություններին մասնակցելու է 3-4 ռազմանավ, այդ թվում նաև «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը:
Նշենք, որ նախկինում ևս եղել են նման փոխադարձ այցելություններ: Սա ռուսաստանյան ռազմանավերի չորրորդ այցն է Իրան: Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավեր 2015-ի օգոստոսին Իրան են այցելել և իրանական ռազմանավերի հետ անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Մինչև այդ էլ այցեր եղել են 2007-ին և 2014-ին: Նշենք նաև, որ Իրանի ՌԾՈւ կասպյան նավատորմի ռազմանավերն էլ փոխադարձ այցելություններ են իրականացրել Կասպից ծովի ռուսաստանյան նավահանգիստներ 2015-ի հոկտեմներին և համատեղ զորավարժություններ են իրականացրել: Եվ մեկ այցելություն եղել է 2013-ին:
Բացի այդ ՌԴ-ի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության նավերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նավերը 2015-ի սեպտեմբերի 28-29-ին ռազմածովային համատեղ զորավարժություն են անցկացրել Կասպից ծովի ադրբեջանական ջրային տարածքում:
Նշենք, որ 2014 սեպտեմբերին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում քննարկվել էին մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին առաջարկել էր 2016 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել։
Գագաթաժողովից հետո՝ հոկտեմբերին, ՌԴ Կասպյան նավատորմիղի «Դաղստան» ու «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը Մախաչկալայից ուղևորվել են Ղազախստանի Աքթաու նավահանգիստ՝ համատեղ ռուս-ղազախական զորավարժության, որի ավարտից հետո շարժվել են Իրան։ Ուղևորության վերջնակետն է եղել Բաքուն։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ՌԴ ռազմանավերի այցը, ինչպես և այժմ, ներկայացրել է որպես բացառիկ երևույթ, «մոռանալով» նշել, որ ռազմանավերի համար Բաքուն ընդամենը հետդարձի մի կետ է եղել, ընդ որում Ադրբեջանի հետ զորավարժություններ ռուսաստանյան ռազմանավերը չեն իրականացրել՝ ի տարբերություն Ղազախստանի և Իրանի։
Ավելացնենք, որ Ադրբեջանում անցկացված ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցել են 34 երկրների ավելի քան 200 ընկերություններ, այդ թվում նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի պատվիրակությունները:
Pingback: Բաքու է ժամանելու ՌԴ Կասպյան նավատորմի ռազմանավերից մեկը | Ռազմ.info