Երեկ` փետրվարի 21-ին, Սիրիայի կառավարական բանակը հաջողություններ է գրանցել Հալեպը զինյալներից ազատագրելու գործում, սակայն նույն օրը Սիրիայի խմբավորումներից մեկը հանկարծակի գրոհով վերցրել է կառավարական ուժերը Հալեպին կապող միակ ճանապարհի վրա տեղակայված գյուղերից մեկը: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, հայտնել է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը` նշելով, որ Սիրիայի կառավարությունը օգնական ուժեր է ուղարկել գյուղը հետ գրավելու և ճանապարհի վրա հսկողությունը վերականգնելու համար:
Առավոտյան սիրիական լրատվակայքը հայտնել էր, որ կառավարական ուժերի` Հալեպի հետ կապը կտրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, սակայն ավելի ուշ ուղղել է` նշելով, որ կառավարական ուժերի հսկողության տակ եղած, Հալեպ տանող միակ ճանապարհի` Իսրիյահ-Խանասեր ավտոճանապարհի վրա տեղակայված Ռասմ ալ-Նաֆալ գյուղը երեկ հանկարծակի գրոհով գրավել են ոչ թե ԻՊ-ի, այլ` «Սիրիայի ազատ բանակի» և «Ալ Կաիդա» խմբավորման սիրիական ճյուղերից մեկի` «Ջունդ ալ-Աքսայի» զինյալները:
Քանի որ նշված ճանապարհը Սիրիայի կառավարական զորքերի համար Հալեպ տանող միակ ուղին է` վերջիններս Հալեպի արևելյան Սաֆիրա բնակավայրից զորախումբ են ուղարկել գյուղը հետ վերցնելու համար: Եթե կառավարական զորքերին դա չհաջողվի, ապա, մնալով առանց օժանդակության, Հալեպում մարտեր մղող ստորաբաժանումները կարող են հայտնվել ծանր իրադրությունում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ փետրվարի 3-ին «ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շրջափակումից ազատագրել էր Հալեպից հյուսիս գտնվող Նուբլ և Զահրա բնակավայրերը` կտրելով Իդլիբի նահանգում և Հալեպի մի մասում տեղակայված զինյալ խմբավորումների կապը Թուրքիայի հետ` Հալեպի հյուսիսային հատվածով:
Այս գործողություններից հետո կառավարական ուժերը աստիճանաբար ազատագրում են Հալեպ քաղաքը ԻՊ, «Ալ-Նուրայիս Ճակատ» և նման զինյալ խմբովորումներից:
Pingback: Սիրիայի կառավարական բանակը շարունակում է մարտերը Հալեպ տանող ճանապարհը վերահսկելու համար | Ռազմ.info
Pingback: Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Հալեպի հետ կապը | Ռազմ.info