Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4

Սեպտեմբերյան կորուստները: Կասպյան գագաթաժողովը: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են: Պաշտպանական արդյունաբերության նախարարի ավագ խորհրդականը մեղադրվում է պետական դավաճանության համար: Ձերբակալվել է Դերբենդի շրջանի ադրբեջանցի ղեկավարը: Վրաստանն ամրացնում է Ադրբեջանի հետ սահմանը:

Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչները

Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչները

– Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։

2014-ի հունվարի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 80 զոհի և 108 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 80 զոհերից 32-ը մարտական կորուստ են։

– Սեպտեմբերի 29-ին ՌԴ-ի Աստրախան քաղաքում մեկնարկել է Կասպյան 5 երկրների ղեկավարների արդեն հինգերորդ գագաթաժողովը։ Դրան մասնակցել են ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները։ Ճիշտ է՝ գագաթաժողովի ընթացքում չի կնքվել Կասպից ծովի իրավական կարգավիճակը հաստատող կոնվենցիա, սակայն, փոխարենը կնքվել են մի շարք կարևոր համաձայնագրեր։

Նկատենք, որ գագաթաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ընդգծելով, թե Կասպից ծովում ռազմական գործունեությունը պետք է իրականացնի բոլոր 5 պետությունների համար սահմանված հավասար անվտանգության պայմանների սկզբունքի հիման վրա։

– Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Ադրբեջան ժամանած Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում շեշտվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական զորավարժությունը կանցկացնեն 2015-ի մարտին, այս անգամ արդեն Թուրքիայի տարածքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 1-ին կրկին այցելել է Ադրբեջանի այն զորավարժարանը, որտեղ շարունակվում են ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները։ Այս անգամ կրկին օդ են բարձրացվել Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 և Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները։

– Հոկտեմբերի 1-ին Դաղստանի ուժային կառույցները ձերբակալել են Դերբենդի շրջանի ղեկավար, ազգությամբ ադրբեջանցի Ղուրբան Ղուրբանովին։ Նրա նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործ էր հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 286.2 հոդվածով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։

– Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն և սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Համեզարդաշվիլին Ադրբեջանի հետ սահմանային Վախթանգիսի գյուղի մոտ սեպտեմբերի 29-ին բացել են ցամաքային սահմանի պահպանման նոր ուղեկալ։ Մինչև 2014-ի ավարտը ծրագրված է սկսել ևս 6 սահմանային ուղեկալի կառուցում, որոնցից 5-ը՝ Ադրբեջանի հետ սահմանին։

– Բաքվի վճռաբեկ դատարանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, սկսել է Իրանի օգտին լրտեսելու և պետական դավաճանության համար մեղադրվող քաղաքացիների գործով դատական նախանիստը։ Մեղադրյալների ցանկում է Աղամիր Աղամիրով Նովրուզ օղլուն, ով ընդհուպ մինչև իր ձերբակալությունը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի ավագ խորհրդականն էր։

– Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը սեպտեմբերի 30-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ից բոլոր զորակոչիկները տեղեկություններ են ստանալու ծառայության վերաբերյալ՝ 9100 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

– Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին գիտաժողով է անցկացրել զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման թեմայով։

– Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսին Փաքային հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկելու են սահմանային մաքսային երկու հսկիչ անցակետերի աշխատանքը 24-ժամյա դարձնելու հարցը։

Իրանի և Ադրբեջանի սահմանին գործում են 4 սահմանային հսկիչ անցակետեր՝ Բիլյասուվարին, Շահթախթը-Փոլդեշթ, Աստարայինը և Ջուղայինը։ Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ կողմերը համաձայնության են եկել ևս մեկ անցակետի բացման շուրջ, որը հավանաբար լինելու է Ասլանդյուզ-Հորադիզի հատվածում։

– Օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում: Օրերս արդեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է՝ անօդաչուն արձակվել է տարածաշրջանի երկրներից մեկի տարածքից՝ ակնարկելով Ադրբեջանը:

– Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության 2014-ի ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, ռազմաբժշկական ծառայության գնդապետ Թյուրքեր Չեթինի գլխավորած 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը։

– ՌԴ Կասպյան նավատորմի «Դաղստան» ու «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը 2014-ի հոկտեմբերի 1-ին դուրս են եկել Մախաչկալայի նավահանգստից դեպի Կասպից ծով ու պատրաստվում են Ղազախստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել՝ դրանց ընթացքում կայանելով Ադրբեջանի, Իրանի ու Ղազախստանի նավահանգիստներում։

– Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ միջազգային ռազմական համագործակցության վարչությունը շտաբային բանակցություններ է վարել Բաքու ժամանած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների արդյունքների հիման վրա՝ կողմերը ստորագրել են «2015-2016 թթ. ռազմական համագործակցության ծրագիր Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություների միջև»։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *