Կասպյան հերթական գագաթաժողովում կրկին չի հաջողվել որոշել Կասպից ծովի իրավական կարգավիճակը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՌԴ-ի Աստրախան քաղաքում մեկնարկել է Կասպյան 5 երկրների ղեկավարների արդեն հինգերորդ գագաթաժողովը։ Դրան մասնակցում են ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները։

Կասպյան երկրների նախագահները՝ 5-րդ գագաթաժողովին

Կասպյան երկրների նախագահները՝ 5-րդ գագաթաժողովին

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, 5 պետությունների ղեկավարները համաձայնության են եկել Կասպից ծովում սպառազինության ու ռազմական նշանակության շինարարության հավասարակշռության մասին՝ «տրամաբանության սահմաններում բավարար չափի հասցնելով այն»։ Նախագահները նաև հաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունը Կասպից ծովում «ոչ տարածաշրջանային պետությունների ռազմական ներկայությունն արգելելու» շուրջ։ Այդ մասին դեռևս սեպտեմբերի 26-ին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Սա անուղղակի կերպով նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող ռազմածովային կայաններ ունենալ Կասպից ծովում։

Բացի այդ, համաձայն նույն աղբյուրի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կասպյան երկրներին 2016-ին արագ արձագանքման ծառայությունների համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել, ինչը թույլ կտա նպաստել Կասպից ծովում անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ քայլերի կազմակերպման գործընթացին։ Պուտինը հավելել է, որ գագաթաժողովում քննարկումների արդյունքում որոշվել է՝ Կասպից ծովի ջրային տարածքների մեծ մասը մնալու է ընդհանուր օգտագործման կարգավիճակին, ինչը, ըստ ՌԴ նախագահի, թույլ կտա խուսափել երկրների միջև ավելորդ լարվածությունից և թյուրիմացություններից։ «Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվել է հստակ ձևակերպումներ տալ ջրային բաժանումներին, պայմանավորվել նավագնացության և ձկնորսության կազմակերպման շուրջ»,-եզրափակել է Պուտինը։

Նկատենք, որ գագաթաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ընդգծելով, թե Կասպից ծովում ռազմական գործունեությունը պետք է իրականացնի բոլոր 5 պետությունների համար սահմանված հավասար անվտանգության պայմանների սկզբունքի հիման վրա։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաևբաևն էլ իր հերթին առաջարկել է Կասպյան երկրներին ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ մտածել և բանակցել։ Նա նաև շեշտել է, որ առաջիկայում 5 երկրները կհասնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունմանը, և «Կասպից ծովը նոր հնարավորություններ կընձեռի երկրներից յուրաքանչյուրին»։

Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, հերթական գագաթաժողովի արդյունքում կողմերին կրկին չի հաջողվել որոշել Կասպից ծովի իրավական կարգավիճակը և համապատասխան համաձայնագիր կնքել։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը չի ճանաչում 1921 և 1940 թվականներին կնքված խորհրդա-պարսկական համաձայնագրերը: Ադրբեջանը պնդում է, որ սահմաները պետք է բաժանվեն ըստ երկրների ծովափի երկարության միջին գծի հաշվարկումով, որի արդյունքում Ադրբեջանին հասնում է ծովի մոտ 21%-ը, իսկ Իրանին՝ 13 %-ը: Իրանը իր հերթին պնդում է, որ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 հավասար մասերի, որի արդյունքում բոլոր երկրները կստանան ծովի ջրային տարածքների 20%-ը: Իրանի և Ադրբեջանի հարաբերություները սրվեցին 2009-ին, երբ Իրանը նավթային իր հարթակը տեղադրեց այն տարածքում, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ուներ:

Նշենք, որ ադրբեջանա-թուրքմենական սահմանային վեճն էլ Կասպից ծովի երեք խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջ է. Սերդար (ադրբ. Քյափազ), Օսման (ադրբ. Ազերի) և Օմար (ադրբ. Չիրաղ), որոնցից վերջին երկուսն Ադրբեջանը շահագործում է դեռևս 1994 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *