Օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում: Օրերս արդեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է՝ անօդաչուն արձակվել է տարածաշրջանի երկրներից մեկի տարածքից, դրանում իրենք արդեն համոզվել են, անհնար է, որ այն Իսրայելի տարածքից արձակված լիներ։ Գեներալը հավելել է, որ իրենք արդեն փոխանցել են իրենց ունեցած տեղեկությունները կառավարությանը և ԶՈւ գլխավոր շտաբին, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը։ Այս մասին հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Նկատենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր՝ ԱԹՍ-ն Իրանի տարածք է ներթափանցել հյուսիսային հատվածից՝ ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից։
Հիշեցնենք, որ իրանական տվյալների համաձայն՝ անօդաչուն «հետախուզական է, Hermes տիպին է պատկանում, արտադրվել է Իսրայելում»։ Բրիտանական The Daily Mail-ի համաձայն՝ Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, իսկ խոցված անօդաչուի՝ համացանցում տարածած լուսանկարներից երևում է՝ դրա վրա տարբերակիչ նշաններ չկան։
Ինչպես նկատել է The Aviationist պարբերականը, Հաջիզադեն շեշտել է՝ անօդաչուի թռիչքի հեռավորությունը 1600 կմ է, մինչդեռ Hermes 450-ինը 800 կմ-ից պակաս է։ Բացի այդ էլ, լուսանկարում ներկայացված անօդաչուն չափերով ու ձևով նման չէ ո´չ Hermes 180-ին, ո´չ Hermes 450-ին։ Փոխարենը կայքը մեջբերում է դեռևս 2011-ին հայկական կողմի ոչնչացրած ադրբեջանական ԱԹՍ-ն։ The Aviationist-ի հավաստիացմամբ՝ Իրանի խոցած անօդաչուն արտաքին տեսքով բավականին նման է վերոհիշյալ ադրբեջանական հիբրիդին, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի տարածքից, մասնավորապես Նախիջևանից է արձակվել։
Ադրբեջանական կողմն ավելի վաղ արձագանքել էր այս հրապարակումներին՝ որակելով դրանք՝ որպես «իսրայելական կողմի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վատթարացելուն»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ կտրականապես հերքել էր այս տեղեկությունը։ Լուրը շտապել էր հերքել նաև Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։
Հավելենք, որ դեռևս 2012-ի դեկտեմբերին Իրանը մեղադրանքներ էր հղել ադրբեջանական կողմին, որ վերջինս թույլ է տալիս իր տարածքը կիրառել իսրայելական արտադրության ԱԹՍ-ների միջոցով Իրանի սահմանը հետախուզելու նպատակով:
Ադրբեջանն էլ իր հերթին ձերբակալել էր Իրանի 6 քաղաքացիների, որոնք, ադրբեջանական կողմի վկայությամբ, հետախուզական գործունեություն էին ծավալում Ադրբեջանի տարածքում՝ փորձելով գտնել այն ավիակայանները, որտեղից էլ արձակվում էինԱդրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչուները: