ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 հրթիռային նավեր առաջիկայում կայանելու են Ադրբեջանում և Իրանում

ՌԴ Կասպյան նավատորմի «Դաղստան» ու «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը 2014-ի հոկտեմբերի 1-ին դուրս են եկել Մախաչկալայի նավահանգստից դեպի Կասպից ծով ու պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել Ղազախստանի ռազմածովային ուժերի նավերի հետ՝ դրանց ընթացքում կայանելով Ադրբեջանի, Իրանի ու Ղազախստանի նավահանգիստներում։

Դաղստան հրթիռային ռազմանավը

Դաղստան հրթիռային ռազմանավը

Ինչպես հաղորդում է  ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, նշված 3 Կասպյան երկրների նավահանգիստներ այցերը նպատակ ունեն ամրապնդել «բարեկամական հարաբերությունները»։ Այցերն իրականացվելու են 20 օրվա ընթացքում։ Հայտնի է նաև, որ ղազախական Ակտաու նավահանգիստ այցի ընթացքում արդեն ծրագրված են Ղազախստանի ՌԾՈւ-ի հետ համատեղ վարժանքներ։ Կասպյան նավատորմի նավերն ընդհանուր առմամբ անցնելու են մոտ 1500 մղոն տարածություն։

Հիշեցնենք, որ 2013-ին Կասպյան 5 երկրների նավատորմերի նավերը 4 անգամ բարեկամական այցեր էին կատարել միմյանց նավահանգիստներ։ Մասնավորապես, Աստրախանի նավահանգստում կայանել էին Ադրբեջանի ու Իրանի ՌԾՈւ ռազմանավերը, իսկ «Դաղստան» հրթիռային նավը ժամանել էր Բաքվի նավահանգիստ։

Հավելենք, որ «Դաղստան» հրթիռային նավը զինված է ունիվերսալ հրթիռային «Կալիբր-ՆԿ» համակարգով, որն էլ ունակ է  հրթիռներ արձակել մինչև 300 կմ հեռավորության վրա վերջրյա և առափնյա թիրախներին։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Տե´ս նաև. Կասպյան երկրների գագաթաժողովին մի քանի համաձայնագիր է կնքվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *