ՌԴ-ի Աստրախան քաղաքում մեկնարկել է Կասպյան 5 երկրների ղեկավարների արդեն հինգերորդ գագաթաժողովը։ Դրան մասնակցում են ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները։ Ճիշտ է՝ գագաթաժողովի ընթացքում չի կնքվել Կասպից ծովի իրավական կարգավիճակը հաստատող կոնվենցիա, սակայն, փոխարենը կնքվել են մի շարք կարևոր համաձայնագրեր։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, համաձայնագրերից մեկը վերաբերում է Կասպից ծովի ջրօդերևութաբանության բնագավառում 5 երկրների համապատասխան նախարարությունների համագործակցությանը, մյուսը՝ Կասպից ծովում արտակարգ իրավիճակների չեզոքացման հարցում փոխգործակցությանը, երրորդը՝ ջրային բիոլոգիական ռեսուրսների պահպանման ու ռացիոնալ օգտագործմանը։ Ըստ ձեռք բերված համաձայնություններից մեկի՝ «կողմերի գործունեությունը Կասպից ծովում իրականացվելու է առափնյա ջրային տարածքից մինչև 15 մղոն հեռավորության համար ազգային սուվերենության և ևս 10 մղոն հեռավորության վրա ջրային բիոլոգիական ռեսուրսների արդյունահանման համար բացառիկ իրավունքների սկզբունքների հիման վրա (ընդհանուր՝ 25 մղոն), իսկ նշված հեռավորությունից այն կողմ տարածվող ջրային տարածքը լինելու է ընդհանուր»։
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդգծել է՝ զգալի առաջընթաց են գրանցել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի պատրաստման աշխատանքներում՝ հուսալով, որ այն կկնքվի 2016-ին հերթական գագաթաժողովի ընթացքում։ Նշենք, որ 2016-ի գագաթաժողովն ամենայն հավանականությամբ կայանալու է Ղազախստանում։
Նկատենք, որ ՌԴ նախագահի խոսքերով՝ իրենք հեռանկարային են համարում նար Կասպից ծովի շուրջ երկաթգծային գոտու ստեղծման նախագիծը, որի նպատակը Կասպյան հիմնական նավահանգիստները միմյանց կապելն է։ Դա թույլ կտա կրճատել բեռների տեղափոխման ժամանակն ու ծախսերը։
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանլի Բերդիմուհամեդովն իր հերթին ընդգծել է, որ իրենք համաձայն են կողմերի համատեղ քայլերի համակարգմանը Կասպից ծովում որսագողության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին էլ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Իրանն ու ՌԴ-ն տարածաշրջանային և երկկողմ հարցերում նման դիրքորոշումներ ունեն։
Գագաթաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ընդգծելով, թե Կասպից ծովում ռազմական գործունեությունը պետք է իրականացնի բոլոր 5 պետությունների համար սահմանված հավասար անվտանգության պայմանների սկզբունքի հիման վրա։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաևբաևն էլ իր հերթին առաջարկել է Կասպյան երկրներին ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ մտածել և բանակցել։ Նա նաև շեշտել է, որ առաջիկայում 5 երկրները կհասնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունմանը, և «Կասպից ծովը նոր հնարավորություններ կընձեռի երկրներից յուրաքանչյուրին»։ Գագաթաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի ու Ղազախստանի իր պաշտոնակիցների հետ։
Հավելենք, որ Կասպյան առաջին գագաթաժողովը կայացել է 2002-ին Թուրքմենստանում, երկրորդը՝ 2007-ին Իրանում, երրորդը՝ 2010-ին Ադրբեջանում։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը չի ճանաչում 1921 և 1940 թվականներին կնքված խորհրդա-պարսկական համաձայնագրերը: Ադրբեջանը պնդում է, որ սահմաները պետք է բաժանվեն ըստ երկրների ծովափի երկարության միջին գծի հաշվարկումով, որի արդյունքում Ադրբեջանին հասնում է ծովի մոտ 21%-ը, իսկ Իրանին՝ 13 %-ը: Իրանը իր հերթին պնդում է, որ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 հավասար մասերի, որի արդյունքում բոլոր երկրները կստանան ծովի ջրային տարածքների 20%-ը: Իրանի և Ադրբեջանի հարաբերություները սրվեցին 2009-ին, երբ Իրանը նավթային իր հարթակը տեղադրեց այն տարածքում, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ուներ:
Նշենք, որ ադրբեջանա-թուրքմենական սահմանային վեճն էլ Կասպից ծովի երեք խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջ է. Սերդար (ադրբ. Քյափազ), Օսման (ադրբ. Ազերի) և Օմար (ադրբ. Չիրաղ), որոնցից վերջին երկուսն Ադրբեջանը շահագործում է դեռևս 1994 թվականից։
Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 հրթիռային նավեր առաջիկայում կայանելու են Ադրբեջանում և Իրանում | Ռազմ.info
Pingback: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան | Ռազմ.info
Pingback: Ղազախստանի ռազմանավերը կրակային վարժանքներ և շրջայց են սկսել Կասպից ծովում | Ռազմ.info
Pingback: Կասպից ծովի ափամերձ 5 երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Մերձկասպյան երկրները 2017-ին զորավարժություն են անելու Ադրբեջանի տարածքում | Ռազմ.info