Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության 2014-ի ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, ռազմաբժշկական ծառայության գնդապետ Թյուրքեր Չեթինի գլխավորած 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 30-ին թուրքական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ՊՆ գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմաբժշկական ոլորտում համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ Թուրքիայում Ադրբեջանի ԶՈւ ռազմական բժիշկների վերապատրաստելու հնարավորությունները։
Նշենք, որ այցը տևելու է մինչև հոկտեմբերի 2-ը։ Այցի ընթացքում Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունն այցելելու է Ադրբեջանի բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետ, դասախոսություն է կարդալու ուսանողների համար, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալում խորհրդատվություն է անցկացնելու հիվանդների հետ, ադրբեջանցի բժիշկների հետ իրականացնելու է մի շարք վիրահատություններ։
Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված ռազմական կրթության գծով պայմանագրի՝ Ադրբեջանում 2014-ի հուլիսի սկզբին ընդունելություն էր հայտարարվել Թուրքիայի «Գյուլհանե» ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետ 2014-2015 ուսումնական տարվա համար։ Մրցույթի արդյունքում ընտրել են 9 հոգու։ Հայտնի է, որ 2011-ին «Գյուլհանե» ակադեմիայի շրջանավարտների շարքում եղել են 2 ադրբեջանցի։
Հավելենք, որ Գյուլհանեի ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումը 6 տարի ։
Նկատենք, որ «Գյուլհանե» ակադեմիայի հոսպիտալում են մահացել Ադրբեջանի նախկին նախագահներ Աբուլֆազ Էլչիբեյը (2000 թ.) և Հեյդար Ալիևը (2003 թ.)։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4 | Ռազմ.info