Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 28- հոկտեմբերի 4

Զոհ և վիրավոր առաջնագծում: Սեպտեմբերի հայկական բանակի կորուստների ամփոփումը: ԱԺ-ն հաստատել է ՀՀ խաղաղապահների մեկնումը Լիբանան: ՊՆ-ն 67 մլն դրամ է խնայել: Դիտարկում Ասկերանի ուղղությամբ:

– Հոկտեմբերի 1-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Կատարվում է նախաքննություն:

– Սեպտեմբերի 29-ին առաջնագծում  հրադադարի ռեժիմը խախտելու պատճառով Արցախի Մարտունու հատվածում վիրավորվել է զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը: Զինծառայողը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում: Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել Երևան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:

– Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 13 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։ Սեպտեմբեր ամսվա 3 կորուստներից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստը գրանցվել է Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում:

– Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ ՊՆ և Իտալիայի ՊՆ միջև Լիբանանում` ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը: Սրանով ԱԺ-ն թույլ է տալիս ՊՆ-ին ՀՀ զինծառայողների 30 հոգանոց մեկ դասակ և 2 շտաբային սպա ուղարկել Լիբանան: Իտալիայի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կազմում հայ  զորախումբը կհսկի ՄԱԿ-ի ռազմական բազաները:

– Հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխել շինարարության համար պաշտպանության նախարարությանը հատկացված գումարը և նախարարության խնայած միջոցներն ուղղել ՊՆ-ի շինարարական այլ աշխատանքներին: Մի շարք շենքերի կապիտալ նորոգման և այլ աշխատանքներ կատարվել են ավելի քիչ ծախսով, ինչի արդյունքում խնայվել է 67 միլիոն դրամ: Իսկ կառավարության նույն որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է եղել ու չի հրապարակվել:

– Սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ առաքելությունը  հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցություններից հետո  հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով նաև հունական կողմի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-հունական ռազմական և երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը:  Մանրամասներն` այստեղ:

– Հայաստանի ՊՆ-ում սեպտեմբերի 29-ից 30-ը անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները, որոնք անցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը:

– ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 1-ին Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինին: Քննարկվել են եկող տարում Հայաստանում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

– ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում:

– Սեպտեմբերի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի՝ Արարատի մարզի քահանաները «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում այցելել են Եղեգնաձորի սահմանամերձ երկու զորամաս և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Արարատյան դաշտավայրի բերքից բաժին է հատկացվել նաև զինծառայողներին:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *