Սեպտեմբերի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի՝ Արարատի մարզի քահանաները «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում այցելեցին Եղեգնաձորի սահմանամերձ երկու զորամաս, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների նախաձեռնությամբ համայնքների անդամներն իրենց բերքի՝ մրգի ու բանջարեղենի լավագույն մասը հավաքել էին զինվորների համար:
ԱՀԹ Ներքին Դվինի Ս.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Երվանդ քահանա Բաբայանն ու ԱՀԹ Դալարի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանն էին մտահաղացել ծրագիրը, որին միացել էին մարզի բոլոր քահանաները: Զորամասեր այցելության ժամանակ նրանց հետ էին թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:
Եղեգնաձորի զորամասերում Տ.Պետրոսը հրամանատարական կազմին և զինվորներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ Արբազան արքեպիսկոպոսի օրհնության խոսքը՝ նշելով, որ հայոց բանակը, հայ զինվորը Հայ Եկեղեցու և մասնավարապես՝ Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում է, և ողջ տարվա ընթացքում բանակին ու զինվորին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Դրանց թվում նա հիշատակեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ թեմի տարածքում գտնվող երկու զորամասերի այցելությունը՝ զինվորների համար անհրաժեշտ տարբեր իրեր տանելով: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են այցելություններ զորամասեր ու զինվորական հոսպիալներ: Այս տարի տոնի առթիվ կազմակերպված բարեգործական ճաշկերությի ժամանակ հավաքված 50 մլն դրամը տրամադրվեց զոհված, հաշմանդամ զինվորների, միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: Թեմի երիտասարդների նախաձեռնությամբ շարունակվում է «Նամակ զինվորին» ծրագիրը:
Տ.Երվանդը ներկայացրեց այցի նպատակը և հույս հայտնեց, որ զինվորին Արարատի մարզի բերք ու բարիքից բաժին հասցնելը կլինի շարունակական:
Զինվորների համար նախատեսված միրգ ու բանջարեղենով բեռնված մյուս մասը ԱՀԹ Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցու հոևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը և ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Արարատ քահանա Օրդյանը տարան Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:
Այստեղ Տ.Մխիթարը զինվորներին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազան հոր օրնություններն ու շուտափույթ ապաքինում մաղթեց նրանց: Ապա բժշկության ավետարան կարդաց ու օրհնության կարգ կատարեց, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։