Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ ՊՆ եւ Իտալիայի Հանրապետության ՊՆ միջև Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը, հայտնում է Ազգային ժողովի կայքը:
Սրանով խորհրդարանը թույլ է տվել պաշտպանության նախարարությանը խաղաղապահ առաքելության շրջանակներում ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա ուղարկել Լիբանան, որտեղ զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում կհսկեն ՄԱԿ-ի ռազմական բազաներ:
Բացի այդ, տեխնիկական համաձայնագրով հստակեցվել են նաև Լիբանան գործուղվող զինծառայողների կեցության, նրանց վիրավորվելու դեպքում բուժման ու այլ խնդիրների դեպքում իտալական ու հայկական կողմերի պարտավորությունները:
Պետք է նշել, որ հայաստանցի զինծառայողները գործուղման մեկնելու են ՀՀ ԶՈւ տրամադրած զենք-զինամթերթով ու անհրաժեշտ այլ իրերով: ՄԱԿ-ի առաքելությունը զինծառայողներին աշխատավարձ չի վճարելու, սակայն ապահովելու է ամսական 1000 ամերիկյան դոլար դրամական բավարարմամբ: Հայաստանի ստորաբաժանումը Լիբանանում ծառայություն է իրականացնելու 6 ամիս ժամկետով, որի ընթացքում անձնակազմը փոխարինվելու է ռոտացիոն կարգով:
Ավելացնենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL ” United Nations Interim Force in Lebanon) այդ երկրում գործում են 1978-ից: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը: Ներկայում Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները նմանատիպ առաքելությունների շրջանակներում ծառայություն են իրականացնում նաև Աֆղանստանում ու Կոսովոյում: