Հոկտեմբերի 1-ին Դաղստանի ուժային կառույցները ձերբակալել են Դերբենդի շրջանի ղեկավար, ազգությամբ ադրբեջանցի Ղուրբան Ղուրբանովին։ Նրա նկատմամբ դեռ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 286.2 հոդվածով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։
Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Դաղստանի հարցով քննչական ծառայությանը։
Լրատվական գործակալության տվյալներով, դեռ 2014 թվականի օգոստոսին Դաղստանի Պետգույքի կառավարման նախարարությունը հայտնել էր, որ Դերբենդի շրջանում հողային օրենսգրքի խախտումներ են գրանցվել։ Դրանից հետո Ղուրբանովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով։
Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե ինչպիսի խափանման միջոց է ընտրվել նրա համար։ ՌԴ Դաղստանի հարցերով քննչական ծառայությունը խոստացել է առաջիկայում պարզաբանել
Նշենք, որ ավելի վաղ Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը հայտարարել էր, որ մտադրություն ունի փոխել Դերբենդի շրջանի ղեկավարին։
Նախագահի այդ հայտարարությունից հետո՝ հուլիսի 30-ին, շրջանի շուրջ 600 բնակիչ դուրս եկավ նրա ազատման դեմ ցույցի։
Ներկայումս Դերբենդի շրջանում ադրբեջանցիները կազմում են 58%, իսկ ավելի վաղ՝ 1970-ականներին՝ մոտ 40 տոկոս։
Ռազմինֆոյի հետ զրույցում տարածաշրջանի հարցերով մասնագետ Ասատուր Սարգսյանը նշեց, որ Դերբենդի շրջանում ադրբեջանցիները, մի շարք ծրագրեր իրականացնելով, անընդհատ հիշեցնում են տեղի ադրբեջանցիներին, որ ՌԴ քաղաքացիներ լինելուց բացի, նրանք նաև ազգությամբ ադրբեջանցի են և պետք է «բարձր պահեն Ադրբեջանի անունը»։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը տարիներով խոսում է, որ Դերբենդն իր պատմական տարածքն է։
Ինչ վերաբերում է Ղուրբանովին, ապա նրա հայրը՝ Սաիդ Ղուրբանովը, ղեկավարել է Դերբենդում 1962-1998թթ, իսկ 1998 թվականից մինչ օրս իշխանությունը Ղուրբան Ղուրբանովի ձեռքում է։ Ղուրբանովի եղբայրը՝ Մուհամեդ Ղուրբանովն էլ Ադրբեջանում Դաղստանի պաշտոնական ներկայացուցիչն էր մինչև 2013 թվականը։
Հավելենք նաև, որ խոսակցություններ կան, թե Ղուրբանովները մոտ կապեր ունեն Ալիևների ընտանիքի հետ։